«Տաշիր»-ը նախատեսում է ՀՀ-ի արտադրության, տուրիզմի և գործարարության ոլորտում 130 մլն դոլարի ներդրում անել
«Տաշիր» ընկերությունը արտադրական հզորությունները, տուրիզմը զարգացնելու, նաև երիտասարդական գործարարությունը խթանելու համար նախատեսում է 130 միլիոն դոլարի ներդրում անել։ Այս մասին Երևանում Armenia Business Forum-ի բացման իր խոսքում նշեց «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ ներկայացնելով «Տաշիր» ընկերությունների խմբի առաջիկա հինգ տարվա ծրագրերը։
«Տնտեսության զարգացումն անհնար է առանց արտադրական հզորությունների զարգացման, այդ թվում՝ առանց այդ ոլորտում նոր ինովացիոն լուծումների կիրառման։ Նոր հզորությունների զարգացումը ամբողջ տնտեսության շարժիչ ուժն է։ Այն մեծացնում է արտահանման պոտենցիալը, երկրի բնակչությանը ապահովում է աշխատատեղերով։ Այս նպատակի համար հատկացվելու է 50 միլիոն դոլար»,- ասաց Կարապետյանը։
Ըստ հայ գործարարի՝ «Տաշիր» ընկերության համար երկրորդ կարևոր ուղղությունը տուրիզմի ոլորտն է։
«Տուրիզմի ոլորտը մեծ ուշադրություն է պահանջում։ Հայաստանը յուրահատուկ տուրիզմի երկիր է, զարգացման մեծ պոտենցիալ ունի։ Այդ նպատակների համար կհատկացնենք մոտ 50 միլիոն դոլար»,- նշեց Կարապետյանը։
Հաջորդը, ըստ Կարապետյանի, երիտասարդական գործարարության խթանումն է։
«Կարևոր է չանտեսել նաև երիտասարդ սերնդի նախաձեռնություններին աջակցությունը։ Այդ ծրագրերին կտրամադրենք մոտ 30 միլիոն դոլար»,-եզրափակեց Կարապետյանը։