Փողին կպեք, փողին…
Իշխանությունների՝ ողջ ազգին պատվաստելու մոլուցքը նոր հորիզոններ է նվաճում:
168.am-ի տեղեկություններով՝ վերջերս իշխանական թիմի հերթական հավաքույթներից մեկի ժամանակ որոշում է կայացվել՝ ինչ գնով էլ լինի, բոլորին պարտադրել պատվաստվել:
Այդ հանդիպման ու դրա հիման վրա կայացված որոշման արդյունքում պետական գերատեսչություններում բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձանց մասնակցությամբ խորհրդակցություն-ժողովներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում պետական գերատեսչությունների ղեկավարները փոխանցել են բարձրագույն ղեկավարության որոշումը. Ինչ գնով էլ լինի, ՀՀ-ն պետք է տոտալ պատվաստվի:
Սկզբում որոշում է կայացվել ապահովել պատվաստվելու ցուցանիշի 75% ծածկույթ, այժմ այդ թիվը հասել է 90 տոկոսի, իսկ հոկտեմբերի մեկից կտրուկ միջոցների կիրառմամբ թիվը կհասցվի 100%-ի:
Իրենց ծրագրի համար լավագույն կատարողական ապահովելու համար մտածել են ֆինանսական սղության միջոցներին դիմել:
«Փողին կպեք, փողին…»,- սա է եղել հիմնական լեյտմոտիվը ՀՀ ազգաբնակչությանը պատվաստվել պարտադրելու համար, և որևէ մեկի մտքով չի անցել, որ, օրինակ, կարելի է փորձել մարդկանց վստահությունը բարձրացնել գործընթացի նկատմամբ: Բայց քանի որ այս իշխանությունների գործողությունների գլխավոր շարժիչ ուժը փողն է, մտածել են, որ հենց կպչեն մարդկանց գրպանին, մարդիկ գլխակորույս կնետվեն պատվաստվելու:
Այդպես է կայացվել 2 շաբաթը մեկ սեփական միջոցների հաշվին քաղաքացիներին ՊՇՌ թեստ հանձնել ստիպելու որոշումը՝ որպես այլընտրանք չպատվաստվելու:
Պետական գերատեսչություններում ու կրթական հաստատություններում սա դժգոհության մեծ ալիք է բարձրացրել. մարդիկ բարձրաձայնել են այն բոլոր պատճառների մասին, որոնց պատճառով իրենք, ենթադրենք, չեն կարող պատվաստվել, իսկ ինչ վերաբերում է սեփական միջոցների հաշվին թեստավորվելուն, ասել են, որ դա հակասում է Աշխատանքային օրենսգրքի պահանջներին:
Իսկ այդ օրենսգրքի 249-րդ հոդվածն ասում է, որ հարկադիր բուժզննում կարող է կատարվել միայն աշխատանքի ժամերին ու գործատուի միջոցների հաշվին:
Այստեղ մեկ այլ կազուս կա. բազմաթիվ կազմակերպություններում գործատուները չեն էլ պարտադրում պատվաստվել, բայց միևնույն ժամանակ՝ պարտավորված են ունենալ գրանցամատյաններ. Ո՞վ պետք է այդ դեպքում վճարի այդ գործատուի փոխարեն:
Բացի դրանից, առողջապահության մասնագիտությամբ իրավաբան նախարարը նեղություն չի կրել մտածել ու պատասխանել հետևյալ հարցին օրինակ: Ենթադրենք՝ մարդը հոկտեմբերի 1-ին ներկայացնում է 72 ժամվա վաղեմության բացասական թեստ, իսկ հոկտեմբերի 4-ին, օրինակ, վարակվում է կորոնավիրուսով, մինչև մյուս պատվաստման օրը մոտ 10 օր գնում աշխատանքի, վարակում մարդկանց, ո՞վ է դրա պատասխանատուն, և ո՞րն է սրա հակահամաճարակային տրամաբանությունը: Կամ պատվաստվում է, բայց կրկին վարակվում ու վարակում մարդկանց: Ինքը թեթև է տանում, բայց քանի որ չի թեստավորվում, ոչ ոք չի իմանում, որ տարածքում քովիդով հիվանդ մարդ կա: Հիմա հաշվեք՝ որքա՞ն մարդ կվարակվի այդ ընթացքում:
Ինչևէ, մի «հանճարեղ» բան էլ են մտածել իշխանությունները. Պետական գերատեսչության այն ստորաբաժանման ղեկավարը, ում ենթակայության տակ գտնվող գեթ մեկ աշխատակից չի պատվաստվի, շղթայական կերպով ողջ ստորաբաժանումը պարգևավճար չի ստանա:
Եվ ամենագլխավորը. իշխանությունները մարդկանց աշխատանքից ազատելու «ֆանտաստիկ» եղանակ են մտածել. հոկտեմբերի 1-ից պատվաստված ու չթեստավորված աշխատակիցներին թույլ չեն տալու մտնել աշխատավայր և 3 անգամ բացակայելու հիմքով ազատեն աշխատանքից:
Մեր իշխանություններին թվում է, թե այս երկրում որևէ մեկն օրենքից ու իրավունքից չի հասկանում, և այդ հիմքով աշխատանքից ազատված աշխատակիցները դատարան չեն դիմելու ու չեն ասելու՝ ես գնացել եմ աշխատանքի, ինձ պարզապես ներս չեն թողնել մտնել: