
«Հրավեր ստանալու-չստանալու հարցը կթողնեմ առանց մեկնաբանության». արդյոք Արայիկ Հարությունյանը կմասնակցի՞ գունագեղ միջոցառմանը

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ի կառավարության նիստում հայտարարել էր, որ Հայաստանի անկախության 30-ամյակին՝ սեպտեմբերի 21-ին, Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»։
«Այս տարի ՀՀ անկախության 30-ամյակն է, և մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի: Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այդ տոնակատարությունը, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
168.am-ը Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվեց՝ Արցախի նախագահը Երևանում սեպտեմբերի 21-ի միջոցառումներին մասնակցելու հրավեր ստացե՞լ է։
Լուսինե Ավանեսյանն այս հարցը չմեկնաբանեց՝ ասելով. «Հրավեր ստանալու-չստանալու հարցը կթողնեմ առանց մեկնաբանության»։
Հարցին՝ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 21-ին Երևանում լինելո՞ւ է, Լուսինե Ավանեսյանը պատասխանեց. «Նախագահը որևէ տոնական միջոցառման ներկա չի լինելու»։
Ճշտող հարցին՝ այդ օրը գալո՞ւ է Երևան, Լուսինե Ավանեսյանը կրկին պատասխանեց. «Նախագահը որևէ տոնական միջոցառման ներկա չի լինելու»։