
ՀԱՊԿ-ն Աֆղանստանից սպառնալիքների դեպքում անհրաժեշտ օգնություն կտրամադրի Տաջիկստանին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների ու Անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստում քննարկվել է իրադրությունն Աֆղանստանում, միջազգային անվտանգությանն առնչվող խնդիրների լայն շրջանակն ու ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցեր: Այս մասին նիստի ամփոփման ժամանակ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Նա ընդգծել է, որ իրադրությունը ՀԱՊԿ սահմանների գրեթե ողջ երկայնքով շարունակում է բարդ մնալ, սակայն հատկապես անհանգստացնող է իրադրությունն Աֆղանստանում:
«ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները միասնական են իրենց կարծիքում և ևս մեկ անգամ հաստատել են դիրքորոշումն այն մասին, որ ՀԱՊԿ հարավային սահմանների մոտ իրադրության սրվելու պարագայում Տաջիկստանին կհատկացվի ողջ անհրաժեշտ ռազմական ու դիվանագիտական օգնությունը»,- հայտարարել է Զասը:
Աֆղանստանի իրավիճակի վերաբերյալ նիստի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ ՀԱՊԿ անդամները հորդորել են այդ երկրի էթնիկ խմբերին զերծ մնալ ռազմական դիմակայությունից:
Նիստի շրջանակում հայկական կողմը մասնակիցներին ներկայացրել է կառույցում 2022 թվականին Հայաստանի նախագահության առաջնահերթ ուղղությունների մասին: