«Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են միասին կռվել Հայաստանի դեմ». Հրանտ Միքայելյան

Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները նույն մարտավարությունն են իրականացնում, ինչ Ադրբեջանը:

«Երբ ասվում էր, որ ոչինչ, Արցախի տարածքները տանք, իսկ երբ Հայաստանի տարածքին հասնի, Ադրբեջանը չի մտնի, ստացվում էր, որ միայն Հայաստանի կամ Արցախի մեղավորությունն էր այս ամբողջ հակամարտությունը: Իրականում  հակառակն է եղել: Երբ մայիսին ադրբեջանցիները ՀՀ-ից տարածքներ վերցրին, Հայաստանից որևէ լուրջ արձագանք չեղավ, և հիմա դրա շարունակությունն է՝ Գորիս-Կապան հատվածում, որը վերջը չէ: Դա ընդամենը նրանց նվաճողական, ագրեսիվ, հակահայկական քաղաքականության, հայկական պետականության ոչնչացման քաղաքականության մի հատվածն է»,- 168 TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ըստ նրա՝ Իրանի համար շատ մեծ կարևորություն ունի Հայաստանի հետ հարևանությունը և այն հանգամանքը, որ Իրանը Հայաստանի հետ ունի ցամաքային կապ. «Այս սահմանը Իրանի համար անվտանգ սահման է: Իրանի համար մեկ տարի առաջ այդ անվտանգ սահմանը ավելի երկար էր, բայց պատերազմի ժամանակ պարզվել է, որ Իրանի տարածքում բազմաթիվ ադրբեջանցիներ եղել են Թուրքիայի և Ադրբեջանի գործակալներ, և աջակցել են Ադրբեջանին այս պատերազմի ընթացքում, օրինակ՝ կոորդինատների մասով, և այլն: Հիմա ստացվել է այնպես, որ Իրանի համար այս ճանապարհը ոչ մի կերպ անվտանգ չէ այլևս, բայց ոչ միայն Իրանի համար: Սա կարևոր է միջազգային այլ սուբյեկտների համար, որոնց շարքում են Ռուսաստանը, Եվրոպական միությունը, նաև՝ ԱՄՆ-ը: Փաշինյանը կանչում է, որպեսզի ՀԱՊԿ զորավարժություններն անցկացվեն Սյունիքում: Իրանից բազմաթիվ հայտարարություններ են արվել: ԵՄ-ն էլ շահագրգռված է, որ Սյունիքը մնա Հայաստանի կազմում: Բայց դա ուղղակի օտար երկրների կամքով չի լինում, դա չի լինում միջազգային իրավունքի ուժով. Միջազգային իրավունքը ուժ է ստանում, երբ ինչ-որ մեկն այդ ուժը գործադրում է: Եթե մենք մեր տարածքին տիրություն չենք անում, ուրիշը մեր տեղը դա չի անելու, դա հնարավոր չէ: Ուրիշը կարող է աջակցել, եթե մենք ինչ-որ գործ ենք անում»:

Քաղաքագետը նկատեց՝ Ուկրաինան Ղրիմը կամ Դոնբասը համարում է օկուպացված, Վրաստանը Աբխազիան և Հարավային Օսիան համարում է օկուպացված, իսկ Հայաստանն Արցախի կորցրած 75 տոկոսը չի համարում օկուպացված. «Մենք խաղաղություն ենք ուզում, մնաց՝ Թուրքիան և Ադրբեջանը ուզեն, վերադարձնեն մեր տարածքները, և սկսենք խաղաղ ապրել»:

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայից դրական ազդակներ է ստանում, նա արձագանքեց. «Մենք Թուրքիայից և Ադրբեջանից զորավարժություններ ենք տեսնում, որտեղ նրանք տարբեր հատվածներում Հայաստանի դեմ գործելուն են պատրաստվում, այսինքն՝ տարբեր ռելիեֆ է կրկնվում, տարբեր քաղաքական իրողություններ են կրկնվում, այսինքն՝ Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են միասին կռվել Հայաստանի դեմ, ինչը արել են մի տարի առաջ: Թուրքիան շարունակում է Հայաստանի միակողմանի շրջափակումը, որը Հայաստանում «չեղարկվում է» փաստացի, և հիմնական չեղարկումը հենց հիմա է տեղի ունենում:

Բայց եկեք հիշենք Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի հանրային դիսկուրսը վերջին տարվա ընթացքում: Պատերազմից մեկ ամիս առաջ Լիլիթ Մակունցն ասել է, որ Թուրքիան չի համարձակվի Ադրբեջանին աջակցել և Հայաստանի դեմ պատերազմել, հետո պատերազմի ընթացքում հանրայնորեն հակաթուրքական քաղաքականություն է իրականացվել, բայց պատերազմը հենց ավարտվեց՝ գիծը լրիվ փոխվեց, երբ Հայաստանի ԳՇ-ն հայտարարություն տարածեց, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, Թուրքիայից 6 տարբեր պաշտոնյաներ արձագանքել են դրան և դեմ են եղել այդ զարգացմանը, այսինքն՝ դրանով խառնվել են Հայաստանի ներքին գործերի մեջ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, հետո էլի բազմաթիվ տարբեր հայտարարություններ են եղել: Հիմա արդեն տեսնում ենք, որ թուրքական բեռնատարներով բերվում է տեխնիկա՝ Հանրապետության հրապարակում ինչ-որ բաներ տոնելու համար:

Աթաթուրքի նկարով բեռնատարները Երևանով արդեն շրջում են, թուրքական համարներով բեռնատարները Երևանով արդեն կարող են երթևեկել, այսինքն՝ Թուրքիան ստանում է այն ամենը, ինչ կարող է ստանալ Հայաստանից, մնաց հասկանանք՝ Հայաստա՞նը ինչ է ստանալու: Եվ այդ դրական ազդակները ո՞ւմ համար են դրական, կամ ապագա որ կա՝ ո՞ւմ համար կա. Թուրքիայի համար ակնհայտորեն կա, և դրա համար ամեն օր մի բան անում են: Հայաստանի ապագայի համար ի՞նչ է արվում»:

Ինչ վերաբերում է իշխանությունների հայտարարած ապաշրջափակմանը, Հրանտ Միքայելյանն ընդգծեց. «Ավելի շատ մենք շրջափակում ենք տեսնում, այսինքն՝ մենք ունեինք երկու անվտանգ ճանապարհ, մեկը՝ դեպի Իրան, որը հիմա ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ է, և դեպի Վրաստան, որը գոնե մասնակի կարող է հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, եթե Տավուշում անկլավները հայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ, եթե նորից հայկական տարածքներ տրվեն Ադրբեջանին»:

Դիտարկմանը՝ առաջարկվում է Նախիջևանով գնալ Իրան, նա արձագանքեց, որ չի հավատում նման հնարավորությանը. «Նախիջևանով անգամ Խորհրդային Միության ժամանակ ազատ տեղաշարժ չի ունեցել Հայաստանը, բացի այդ՝ այդքան զիջում արել է Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի անունից, դիմացն ի՞նչ ենք ստացել: Նույնիսկ բոլոր գերիներին չեն վերադարձրել ադրբեջանցիները: Նրանց պաշտոնական հայտարարությունները այլ են, նրանց պլաններում չի մտնում Հայաստանի հետ խաղաղ կյանքը, այս իրողությունները պետք է հաշվի առնել: Մեր երկրում բազմաթիվ քաղաքացիներ տրվում են կեղծ քարոզչությանը, որ իբր ինչ-որ խաղաղություն է սկսվում, սա սուտ է: Ավելի լավ է չխաբվել, որ հետո շատ ավելի վատ պայմաններում չհայտնվենք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս