Սա լինելու է պատմական որոշում. Կամո Արեյանը՝ Երևանում Հայոց ցեղասպանության վրիժառուներին նվիրված հուշակոթող տեղադրելու մասին
Այսօր Երևանի ավագանին միաձայն ընդունեց մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթող տեղադրելու նախագիծը: Առաջարկը ներկայացրել են վրիժառուների ժառանգները: Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցեց, որ այն տեղադրվելու է Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան ետնամասին հարող տարածքի կենտրոնական մասում: Հուշակոթողը կկոչվի «Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված հուշաղբյուր»:
«Վստահեցնում եմ, սա լինելու է պատմական որոշում: Քանի որ Երևանը հավերժի քաղաք է, մենք մեր արժանապատվության զգացումը հավերժորեն փոխանցում ենք մեր սերունդներին, արժանապատվություն, որի կարիքն այսօր մենք պետք է զգանք ողնաշարով, մեր վտանգված արժանապատվությունը պետք է վերականգնենք, և դա՝ ի խորհրդանշումն և ի հիշատակ մեր հայորդիների, որ ապացուցեցին՝ մեր ազգը, հայ ժողովուրդն ունի սեփական ինքնության, սեփական արժանապատվության հանդեպ ներքին խորը պատասխանատվություն: Աշխարհին ապացուցելու ոչինչ չունենք հիմա մենք, արդեն ապացուցվել է մեր արդարամտությունը, արդարադատությունը և արդարադատ վճիռը, մենք հիմա որդեգրելու ենք մեր արժանապատվությունը դարերի համար և մեր արժանապատվությունը՝ որպես մեր ներքին պատասխանատվություն, ինքներս մեր հավիտենական գոյության համար»,- ասաց Կամո Արեյանը:
Քաղաքապետի խորհրդականն ընդգծեց, որ հայոց ցեղասպանության համար վրեժ լուծած անձինք պատահական մարդիկ չէին, նրանք կրթված և ազնվական կեցվածք ունեցող մարդիկ էին: Արեյանը Մարությանին խնդրեց, որ որոշումը ստորագրելուց հետո այն պատշաճ ձևավորմամբ տեղադրեն Երևանի պատմության թանգարանի ակնառու ցուցափեղկերից մեկում: