էլ հնարավոր չի ընդեղ ապրել, պարոն քաղաքապետ. ԲՀԿ-ական ավագանին՝ Վարդաշենի բնակիչների ահազանգի մասին
Այսօր Արցախի փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու հարցի քննարկման ժամանակ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը պատմեց, որ հաճախ է ահազանգեր ստանում այլ վթարային շենքերի բնակիչներից ևս:
«Պարոն քաղաքապետ, ինչպես գիտեք, 12-ից ավելի 4-րդ կարգի վթարային շենքեր կան, նորից եմ ասում, բոլորս միասին եկեք մի հատ մտածենք՝ վա՞րկ ենք վերցնում, քաղաքը, փառք Աստծո, գույքահարկերով, հարկային առումով բյուջե գումար մի քիչ շատ է գալիս, կարգավորվել է այդ հարցը, կոչ եմ անում, պարոն քաղաքապետ, նորից գումար հայթայթենք, 4 հատ 16 հարկանի շենք որ կառուցենք, այդ 12 վթարային շենքերի բնակիչների հարցը կկարգավորվի: Վարդաշենի բնակիչները նորից առավոտյան շուտ ինձ զանգահարել են, իրականում էլ հնարավոր չի այնտեղ ապրելը, պարոն քաղաքապետ»,- ասաց Ներսիսյանը և պնդեց, որ բոլոր հաշվարկներն արել է, բոլոր իրավական հարցերի պատասխաններին տեղյակ է: