500 մլն դրամ՝ Արցախի փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերից 64 ընտանիքի վերաբնակեցնելու համար
Երևանի ավագանու որոշմամբ փոփոխություն կատարվեց «Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ: Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը զեկուցեց, որ նախատեսվում է Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեում իրականացնել հետևյալ փոփոխությունները.
«Առաջարկվում է «Չորրորդ աստիճանի վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածություններից զրկված բնակիչների փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերում» ծրագրով նախատեսել 500 մլն դրամ՝ Երևան քաղաքի Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N10 (հանրակացարանի մասնաշենք), Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N10 (սպորտային մասնաշենք), Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N10/1 հասցեների քանդման ենթակա 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող հանրակացարանային թվով 3 շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով»:
Նա նշեց, որ չնայած Երևանում քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերը շատ են, Երևան համայնքի տրամադրության տակ գտնվող բնակարանային ֆոնդը հնարավորություն չի տալիս ամբողջությամբ ավարտին հասցնել բոլոր շենքերի բնակիչների վերաբնակեցումը: Քանդման ենթակա բոլոր շենքերում բնակվող ընտանիքների վերաբնակեցման համար ընդհանուր առմամբ պահանջվում է շուրջ 340 բնակարան, և ներկայում միայն Արցախի 4-րդ նրբանցքի քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու գործընթացն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ շուրջ 2000 քառ. մետր մակերեսով բնակելի ֆոնդ:
Արցախի 4-րդ նրբանցքի քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքերի բնակիչներին վերաբնակեցման ծրագրում նախնական հաշվառված է 64 ընտանիք:
«Հանրության և Արցախի պողոտայի բնակիչների համար որպես ի գիտություն՝ նշեմ, որ այս ծրագրի չիրականացումը կարող է կախված լինել միայն իրենցից, որովհետև մենք բնակարանները տալու ենք օրենքի տառին համապատասխան, կխնդրեմ՝ բնակիչներն այդ հանգամանքը հաշվի առնեն և ավելին չպահանջեն համայնքից»,- ասաց քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը: