Հենց աղմուկ է բարձրանում՝ մի նոր շտամ է առաջանում, իսկ դա կենսաբանորեն հնարավոր չէ. Գրիգոր Գրիգորյան

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, սեպտեմբերի 12-ի դրությամբ` կատարվել է 335.721 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 215278, երկրորդ դեղաչափ` 120443։

«Մարդկանց անվստահությունը տվյալ պատվաստանյութերի հանդեպ լիովին արդարացված է, ոչ միայն այն պատճառով, որ 3-5 տարի պետք է փորձարկումներ անցնի: Ըստ մեր ունեցած տվյալների՝ այդ, այսպես կոչված, վիրուսը դեռևս անջատված չէ: Վակցինոլոգիայում չկա նման դեպք, որ չիզոլյացված, չանջատված հարուցչից պատվաստանյութ սարքեն: Դա նոնսենս է, ոնց որ ասես, որ կինը մեկ օրում լիովին առողջ և կենսունակ երեխա ծննդաբերի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, ՍԱՊԾ նախկին պետ, համաճարակաբան Գրիգոր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այս վիրուսի էլեկտրոնային նկարն առհասարակ ոչ ոք չի տեսել:

«Անջատված վիրուսը որևէ գիտահետազոտական ինստիտուտ չունի իր տրամադրության տակ: Այստեղից հարց՝ եթե անջատված չէ վիրուսը, ապա պատվաստանյութն ինչի՞ց են սարքում: Երկրորդ, եթե վիրուսն անջատված չէ, շտամներն ինչպե՞ս են որոշում: Առաջին՝ շտամն առանձնացված չէ, բայց հայտնվում են շտամ «Ալֆան», «Դելտան», «Բետան»: Այդ ինչպե՞ս: Օրինակ, դաբաղի վիրուսն ունի 6 տարատեսակ, և բոլորն առանձնացված են: Ի դեպ, ապացուցված է, որ վիրուսը կենդանուց անջատված չէ: Կա լաբորատոր հաստատում, որ այդ վիրուսում (Covid-19) գտնվել են մասնիկներ, որոնք կարելի է ստանալ միայն լաբորատոր պայմաններում: Հենց աղմուկ է բարձանում՝ մի նոր շտամ է առաջանում, իսկ դա կենսաբանորեն հնարավոր չէ: Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հոդված են հրապարակել, համաձայն որի՝ CGG-CGG գենը հնարավոր է ստանալ միայն լաբորատոր պայմաններում, ու, որ այս վիրուսը մոդելավորված է, հնարավոր է ստանալ միայն լաբորատոր պայմաններում: Եվ, քանի որ վիրուսը բնական չէ, իմունային համակարգն իրեն չի ճանաչում: Այս մասին ևս բազում հոդվածներ կան»,- նշեց «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավարը՝ շեշտելով, որ համաշխարհային տվյալները վկայում են այն մասին, որ ապացուցված չէ, որ վիրուսը բնական է:

«Այն, ինչ կատարվում է ամբողջ աշխարհում, մեկ նախադասությամբ կարելի է այսպես ասել՝ պատվաստվել չգիտեմ ինչով՝ չգիտեմ ինչի դեմ: Ցանկացած պատվաստանյութ ունի իր արտադրման ֆորմուլան ու արտադրման ցիկլը: Մի քանի տարի առաջ ԱՀԿ-ն փոխել է պատվաստանյութերի պատվաստման ստանդարտները և հարմարեցրել է այս օպերացիային: Կարճացրել է ընթացքը և թույլ է տվել փորձարկման շրջանում արդեն իսկ ներարկել, որը բժշկության հիմնական օրենքի՝ «մի՛ վնասիր»-ի խախտում է:

Այսինքն, առանց իմանալու, թե պատվաստանյութի էֆեկտն ինչպիսին կարող է լինել՝ արդեն իսկ պատվաստել մարդկանց: Ամբողջ աշխարհում նույն վիճակն է, օրինակ, Եվրոպայում մարդիկ ավելի շատ սպառողական գաղափարով են ապրում: Մտածում են տվյալ օրը հաց ունենալու մասին, առանց մտածելու, որ եթե հաջորդ օրը մահանան՝ այդ աշխատավարձը էլ չեն ստանա: Իսկ, օրինակ, երեկ Նյու Յորքում հիվանդանոցներից մեկը հայտարարել էր փակման մասին, որովհետև շատ մարդիկ գերադասել են աշխատանքը կորցնել, քան պատվաստվել: Ի դեպ, որևէ պատվաստանյութ երբեք չի եղել պարտադիր: Այն ագրեսիվությունն ու այն շանտաժը, որով, այսպես կոչված, պատվաստանյութը փորձում են ներարկել, մշակութային տոմսեր բաժանել և այլն, դա վկայում է այն մասին, որ այդ մարդիկ պատվեր են կատարում դեռևս անհայտ պատճառներով:

Մարդուն միշտ պետք է ընտրության իրավունք տրվի: Իրենք ասում են՝ կորոնավիրուս, ես էլ ասում եմ՝ ժանտախտ է:

Առանց որևէ ապացույցի՝ ցանկացած հիվանդության անուն կարող են դնել կորոնավիրուս: Որևէ մի տեղ հերձում չի կատարվում: Վիրուսն անջատված չէ: Դուք չեք կարող առանց մարդուն հերձելու՝ ասել, թե ինչից է մահացել: Որպեսզի ասեն, որ մահացել է կորոնավիրուսից, նախևառաջ պետք է անջատել վիրուսը հարուցչի հյուսվածքներից և ապացուցել, որ մորֆոպաթոլոգիական, ֆիզիոլոգիական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել օրգանիզմում՝ տեղի են ունեցել հենց այդ վիրուսի մորֆոգենեզի արդյունքում: Սուրճի բաժակ նայելով՝ ասում են, որ կորոնավիրուսի՞ց է մահացել. ես էլ ասում եմ՝ սիբիրախտից է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Առողջապահության նախարարությունն էլ հղում կատարելով The Wall Street Journal-ին՝ ֆեյսբուքյան էջում գրել է, որ պատվաստումների արդյունքում COVID-19-ը կարող է վերածվել սովորական գրիպի պես հիվանդության՝ մանրամասնելով.

«Համավարակի սկզբից՝ ավելի քան 20 ամիս անց, մարդիկ ստիպված են փոխել իրենց վերաբերմունքը մի հիվանդության մասին, որը ժամանակին՝ հանրային առողջապահության մասնագետների կարծիքով, հաղթահարելի վարակ էր:

Ամբողջ աշխարհում կարանտինը վերածվեց երկարատև ու մաշեցնող մի ընթացքի: Սուր վարակիչ «Դելտա» շտամի հետևանքով` COVID-19-ը դարձել է մի հիվանդություն, որից գործնականում հնարավոր չէ ազատվել: Կորոնավիրուսի նոր բռնկումներ են գրանցվում նույնիսկ այնպիսի երկրներում, ինչպիսին Ավստրալիան է, որը հայտնի է COVID-19-ի կանխարգելմանն ուղղված իր համառ պայքարով:

Համավարակի սկզբից ի վեր՝ աշխարհում հոսպիտալացումների ամենաբարձր ցուցանիշներն են գրանցվում. ընդ որում՝ հիվանդանոցում հայտնվում են հիմնականում չպատվաստված անձինք:

Գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչ ընթացք կունենա այս համավարակը. արդյոք SARS-CoV-2 հարուցիչը կառաջացնի՞ ավելի վարակիչ կամ մահացու նոր շտամներ:

Իհարկե, լավագույն սցենարը COVID-19-ը հաղթահարելն է, բայց տարբեր կանխատեսումներով, եթե երկրագնդի բնակչության մեծ մասը պատվաստվի, կորոնավիրուսը կվերածվի այնպիսի սովորական հիվանդության, ինչպիսին սուր շնչառական վարակներն են ու գրիպը»:

Տեսանյութեր

Լրահոս