Ադրբեջանական «մասկիրովկա»՝ վրացի ձեռնարկատիրոջ հետևում. ո՞վ է մտնելու հայկական շուկա. armeniasputnik.am

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը կասկածներ ունի, որ վառելիքի շուկայում օտարերկրյա խոշոր ներդրումային ծրագրի հետևում ադրբեջանական ընկերություն է թաքնված։

Հայ հասարակությունը պետք է շատ ուշադիր լինի՝ օտարերկրյա ներդրումների և հատկապես ներդրողների հետևում քողարկված հնարավոր ադրբեջանական կապիտալի մուտքը Հայաստան կանխելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը` մեկնաբանելով ներդրումների մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը։

«Քաղաքական կուսակցությունները, պետական մարմինները և քաղաքացիական հանրույթը պետք է միշտ կասկածամիտ վերաբերվեն նման թեմաներին և միշտ ստուգեն, միշտ հասկանան, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց նա։

Վերջերս ՀՀ էկոնոմիկայի նախարարը խոսել էր 60 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր մասին, որով նախատեսվում է Հայաստանում բենզալցակայանների նոր ցանց ստեղծել։

Մամուլը գրում է, որ ներդրողը, որի մասին խոսել է նախարարը, վրացի ձեռնարկատեր Դավիթ Յակոբաշվիլին է։

Միքայելյանը հիմնավոր կասկածներ ունի, որ այդ ներդրողի հետևում ադրբեջանական հայտնի ընկերությունն է կանգնած, որը Վրաստանի միջոցով մուտք է գործելու Հայաստան, ավելին` դառնալու է վառելիքի շուկայում խոշորագույն խաղացողներից մեկը։ Տնտեսագետը տարակուսում է` եթե հայաստանյան վառելիքի շուկան այդքան գրավիչ էր, ինչու օտարերկրյա ներդրողներն ավելի վաղ չէին հետաքրքրվում դրանով։

«Մեզ մոտ շուկան չի աճում, ավելի շատ նվազում է որոշ պատճառներից ելնելով, և հարց է ծագում, թե ինչու են ներդրողները հետաքրքրված հայկական շուկայով։ Շատ հիմնավոր կասկած կարող է լինել, որ դա ադրբեջանական ձեռնարկություն է կամ ադրբեջանական ձեռնարկության «մասկիրովկա» է տեղի ունենում վրացի տնտեսվարողի կողմից»,- նշեց Միքայելյանը։

Նրա կարծիքով` մի կողմից հայտնի չէ, թե ով է իրական ներդրողը, մյուս կողմից` նեգրավվելով օտարերկրյա խաղացողի՝ պետությունը դուրս է մղում տեղական փոքր տնտեսվարողներին երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող վառելիքի շուկայից։

 

Տեսանյութեր

Լրահոս