Իսրայելը ՌԴ-ի հետ աշխատում է, որպեսզի Սիրիայում իրադրությունը չվերաճի տարածաշրջային էսկալացիայի. Իսրայելի ԱԳ նախարար Լապիդ
Իսրայելը Ռուսաստանի հետ աշխատում է, որպեսզի Սիրիայում իրադրությունը չվերաճի տարածաշրջային լուրջ էսկալացիայի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարարության ղեկավար Յաիր Լապիդը։
Նա նշել է, որ Իսրայելը չի կարող հաշտվել Սիրիայում իրանական ներկայության հետ, «ուստի տարածաշրջանում եւ աշխարհում պետք է հասկանան, որ մենք դրա հետ կապված ինչ-որ բան անելու եք, այլ ոչ թե ձեռքներս ծալած նստելու եւ սպասելու ենք Իրանի կողմից մեր քաղաքացիների դեմ ուղղված ահաբեկչության»:
«Բայց, բացի այդ, մենք շատ սերտորեն աշխատում ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որպեսզի դա չվերաճի լուրջ էսկալացիայի»,-հավելել է նախարարը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում է Սիրիայի տարածքի ուղղությամբ Իսրայելի վերջին հարվածներին: Սեպտեմբերի սկզբին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Սիրիայի թիրախներին, սիրիական հակաօդային ուժերը ռուսական արտադրության «Բուկ» եւ «Պանցիր» համալիրներով ոչնչացրել են 24 հրթիռներից 21-ը, հայտնել է Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի փոխղեկավար դերծովակալ Վադիմ Կուլիտը:
Սիրիական հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից Սիրիայի զինված ուժերի սպառազինությունում գտնվող ռուսական արտադրության «Բուկ» եւ «Պանցիր» համալիրներով ոչնչացվել է21 հրթիռ: Բացի այդ, օգոստոսի վերջին սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը ռուսական արտադրության «Բուկ-Մ2Է» եւ «Պանցիր-Ս» համալիրներով ոչնչացրել են 22 հրթիռ, որոնք Իսրայելի կողմից արձակվել են Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքի ուղղությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: