«Թուրքիան կպահանջի, որպեսզի Հայաստանը հրաժարվի Արցախից և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից». Ռուբեն Սաֆրաստյան

Այսօրվա Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայից եկող ազդակներին և այդ հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարությանը։

«Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն, և մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ։ Մեծ հաշվով, խոսքը մեր տարածաշրջանը՝ արևելքն արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է։

Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը։ Եվրամիությունը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով, իսկ Չինաստանի և Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ՝ հայտնի է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները։

«Կլինեն այն նախապայմանները, որ Թուրքիան կպահանջի, որպեսզի Հայաստանը հրաժարվի Արցախից ու այն պաշտպանելուց, կպահանջի, որպեսզի Հայաստանը վերահաստատի Կարսի պայմանագիրը և հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից։ Ես որևէ նշան չեմ տեսնում, որ թուրքական կողմը հրաժարվի այս նախապայմաններից, հետևաբար՝ Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ Էրդողանի հայտարարարություններում նոր բան չկա, որովհետև Էրդողանն ասել է այն, ինչ նախկինում էր ասում՝ նշելով, որ կողմ է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն։ Սակայն իրականում Թուրքիայի ու Էրդողանի քաղաքականությունն այլ է եղել։

«Եթե Թուրքիան իրական քայլեր չի ձեռնարկում, ապա այդ հայտարարությունները հիմք չունեն, պետք է ինչ-որ հիմքեր տեսնեմ Թուրքիայի կողմից առ այն, որ նա հրաժարվում է իր նախապայմաններից։ Այս հարցում, անկեղծ, ես թերահավատ եմ»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք մտավախություններ չունի, որ այսօր Հայաստանն այդ նախապայմաններով հանդերձ՝ կգնա Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց, որ չի կարծում, որ ՀՀ որևէ իշխանություն կգնա նման քայլի։

«Չեմ կարծում, որ ՀՀ որևէ կառավարություն կարող է հրաժարվել մեր ինքնության մի մասից, որը կազմում է և Հայոց ցեղասպանությունը, և Արցախի պաշտպանությունը, նաև այն հանգամանքը, որ Կարսի պայմանագիրը մեզանում ընկալվում է՝ որպես անարդարացի պայմանագիր։ Կարծում եմ՝ սրանք բոլորն այնպիսի խնդիրներ են, որոնք մաս են կազմում մեր ինքնության։

Մենք պետք է կարողանանք լինել շատ պրոֆեսիոնալ դիվանագետներ, որովհետև Թուրքիայի այդ գործերում դիվանագետները վարպետներ են, մենք էլ պետք է կարողանանք։ Սա շատ կարևոր է, և արդեն 30 տարի Հայաստանն ասում է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, սա համարում եմ կարևոր հանգամանք, քանի որ այն աշխարհի կողմից ընդունվում է»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից,  այդ ազդակները կգնահատեն և այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանեն։

Այդ հայտարարարությանն արձագանքել էր Էրդողանը, նշելով. «Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականության և սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»։

Տեսանյութեր

Լրահոս