Ադրբեջանի սահմանապահ ծառայողները կտրել են մահացած հայ զինվորի ականջը. Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումների, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու, գերեվարման պայմանների, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանության հացում Ադրբեջանի պատասխանատվության վերաբերյալ զեկույցը ներկայացնելիս, այսօր հայտնեց, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումները հատկապես դաժան են եղել հարցաքննություններից առաջ և հետո, եղել են խոշտանգումներ նաև հարցաքննությունների ընթացքում: ՄԻՊ խոսքով՝ հայ ռազմագերիներին խոշտանգողները միմյանց կա՛մ անունով չեն դիմել, իսկ եթե դիմել են, ապա փոխված անուններով, որպեսզի նույնականացնելու հնարավորություն չլինի:
ՄԻՊ-ն ուշադրություն է հրավիրում Ադրբեջանի սահմանապահների իրականացրած զանգվածային խախտումներին, որոնց ապացույցն է, օրինակ, 2020 թվականի հոկտեմբերի 20-ի դեպքը: Թաթոյանի փոխանցմամբ՝ այդ օրը, երբ 61 հայ զինծառայող Կապանից մեկնել էին Կովսական, և Կովսականի մոտ տեղի էր ունեցել փոխհրաձգություն, Ադրբեջանի սահմանապահները խոշտանգել էին նաև սպանված զինվորների մարմինները:
«Փաստերը նախևառաջ վկայում են, որ տեղի են ունեցել դաժանություններ, դաժանություններ ոչ միայն կենդանի անձանց նկատմամբ, այլ նաև մարմինների մասերի նկատմամբ: Կոնկրետ այս լուսանկարներում, որոնք վերլուծության ենք ենթարկել, կտրում են սպանված զինծառայողների ականջները: Սրանք Ադրբեջանի սահմանապահ ծառայության ծառայողներ են…
Զեկույցում հատուկ լուսանկարներով ցույց են տրված, որ հայ զինծառայողներին նաև կապել են մեքենաներին և քաշել են: Մեր իդենտիֆիկացումն ապացուցում է, որ դա տեղի է ունեցել թուրքական արտադրության Otokar ATV հատուկ մեքենայով, որը պատկանում է Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը: Իսկ այն, որ նաև սպանված զինծառայողներին քաշել են, կա՛մ սպանված վիճակում, կա՛մ կենդանի վիճակում կապել են մեքենայից, դա ակնհայտ է դառնում, երբ մենք մանրամասն վերլուծում ենք նրանց հագուստների վիճակը, մարմնական վնասվածքները, տեղակայումը և այլն»,- ասաց Արման Թաթոյանը:
Թաթոյանն ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների իրականացրած խախտումներին, որովհետև հենց նրանք են գտնվում Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին ու հենց նրանք էին օրեր առաջ փակել Կապան-Գորիս միջպետական ճանապարհը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում