Նոյեմբերի 17-ին Տաթևը կրկին ցնցվեց բոթից՝ Լևոնը զոհվել է…

Դանիելյան Լեւոն Գրիգորի. ծնվել է 2001 թ. օգոստոսի 30-ին Տաթեւ գյուղում: Սովորել է Տաթեւի միջնակարգ դպրոցում: 2019 թ. ընդունվել է Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի տնտեսագիտության բաժին:

2020 թ. հունվարի 8-ին զորակոչվել է բանակ, ծառայության ուսումնական վեցամսյա փուլն անց է կացրել Գյումրիում: Հիմնական ծառայության վայրը Հադրութի զորամասն էր, որում կրտսեր սերժանտ Լեւոն Դանիելյանը հակատանկային ջոկի հրամանատար էր: Գորիսեցի Լյովին Հադրութի զորամասի զինծառայողները նկարագրում են որպես չափազանց մարդասեր զինվորի, պատմում են, որ պատերազմի օրերին Լեւոնն իր խոցած թշնամական տանկերի անձնակազմի մասին էր խոսում, ասում, որ նրանք էլ ինչ-որ մեկի որդինեն են, եղբայրը, ամուսինը:

Դեռ Գյումրիի զորամասում Լեւոնն արժանացել էր երկու մեդալի՝ լավ ծառայության ու վարքի համար: Հադրութի զորամասում նա հասցրել էր աչքի ընկնել առաջին օրերին՝ նրան էր վստահվել նորակոչիկներին զինվորական երդմանը պատրաստելու պատիվ-պարտականությունը, որի համար կարճ ժամանակով տեղափոխվել էր Մարտունու զորամաս:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց: Արցախի հերոս Դավիթ Ղազարյանի հրամանատարության ներքո Լեւոնն ու ընկերները նշանակալից մարտեր են վարել Հադրութում: Լեւոնի հակատանկային զենքի վարժ տիրապետման շնորհիվ հակատանկային ջոկը տեխնիկայի ու մարդուժի մեծ վնասներ է հասցրել թշնամուն: Հադրութից դուրս են եկել «նահանջ» հրամանից հետո: Հադրութից դուրս գալուց հետո կռվել են Մարտունիում:

Նոյեմբերի 6-ին Լեւոնը միացել է Շուշիի պաշտպանւթյան մարտերին, նոյեմբերի 7-ին զանգահարել է քրոջը, ասել, որ Քարին տակում շրջափակման մեջ են, սպասում են օգնության: Հեռախոսային այդ խոսակցությունից հետո ընտանիքի անդամներն այլեւս Լեւոնի հետ կապ հաստատել չեն կարողացել:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հարազատները հեռախոսազրույց են ունեցել Լեւոնի հրամանատարի հետ, ով ասել է, թե տղաները շրջափակման մեջ են ու շուտով դուրս են բերվելու «Կարմիր խաչի» օգնությամբ:

Նոյեմբերի 17-ին Տաթեւը կրկին անգամ ցնցվեց բոթից՝ Լեւոնը զոհվել է: Դատաբժշկական փորձաքննությունը մահվան ամսաթիվ նշել է նոյեմբերի 9-ը …

Լեւոնին սիրում էին բոլորը, Տաթեւում հիմա էլ առանց արցունքների նրա անունը չեն արտասանում: «Լեւոնի զոհվելու լուրը լսելուց հետո մի ամբողջ օր չեմ կարողացել խոսել, հիմա էլ չեմ կարող ասել, թե դա ինչ ցավ է, այդ ցավն անուն չունի ու դա նկարագրելու համար բառեր չկան: Լեւոնը ձեռքերիս վրա է մեծացել, ձեռքերիս վրա էլ նրան մինչեւ գերեզմանատուն եմ տարել: Նրան բոլորն էին սիրում փոքր երեխաներից մինչեւ ծերունիներ: Խելացի, համեստ, հարգալից երիտասարդ էր, Տաթեւը դեռ պիտի հպարտանար նրա սխրանքներով, բայց սխրանքները պիտի կյանք չարժենային, ցավն այնքան մեծ է, որ հպարտանալու տեղ չի թողնում: Տաթեւը զավակ չէ՝ գանձ է կորցրել…»,-պատմում է համագյուղացի երիտասարդներից մեկը:

Լեւոն Դանիելյանի աճյունը հուղարկավորվել է Տաթեւի գերեզմանատանը նոյեմբերի 19-ին:

Լեւոն Գրիգորի Դանիելյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով՝ հետմահու:

syuniacyerkir.am

Տեսանյութեր

Լրահոս