Բաժիններ՝

«Կրակոցները հիմա սովորական են դարձել, մի ավտոմատի փամփուշտի հեռավորության վրա են Ստեփանակերտն ու Շուշին». Բելլա Լալայան

Երեկ տելեգրամյան ալիքները և Արցախի բնակիչները սոցցանցերի իրենց էջերում գրում էին, որ Ստեփանակերտում լսվում են Շուշիից եկող կրակահերթի ձայներ: Այս մասին գրառում էր արել նաև հասարակական-քաղաքական գործիչ Բելլա Լալայանը: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ կրակոցներ պարբերաբար լինում են, սակայն դա իրենց այլևս չի վախեցնում:

«Կրակոցները հիմա սովորական են դարձել, պարբերաբար լինում են, որովհետև մի ավտոմատի փամփուշտի հեռավորության վրա են Ստեփանակերտն ու Շուշին, կարող է՝ ուզում են վախեցնել, հոգեբանորեն ճնշել, բայց այնպես չէ, որ մենք դրանից վախենում ենք, կրակոցներ են, էլի: Չենք ասում, որ բացարձակ ուշադրություն չենք դարձնում դրան, բայց դա այն բանը չէ, որ խուճապի մատնվենք, վախենանք: Մենք ռեալ ընդունում ենք իրավիճակը, որ մենք թուրքերի հետ, եթե օդայինով հաշվենք, 1-2 կմ հեռավորության վրա ենք: 90-ականների պատերազմի ժամանակ մեր տանը՝ կահույքի վրա, պատերին, առաստաղին, ամեն տեղ ավտոմատի կրակոցների հետքեր կար, մենք գիտենք, որ այդ հեռավորության վրա ենք: Չգիտեմ, թե ի՞նչ կրակոցներ են եղել, չեմ կարող գնահատական տալ, բայց դա արդեն պարբերաբար է կրկնվում, հետո պարզում ենք, որ թուրքերն են կրակում: Լինում է, որ թաղամասերի ուղղությամբ են կրակում, համացանցում էլ է տարածվում, հիմնականում Շոշ գյուղի ուղղությամբ, լինում է, որ ուղղակի օդ են կրակում: Չեմ կարող ռեալ գնահատական տալ, ուղղակի կարող ենք ենթադրություններ անել, կարող եմ կարճ ասել, որ մենք դրանից չենք վախենում»,- ասաց Լալայանը:

168.am-ը, իմանալու համար, թե ի՞նչ կրակոցներ են եղել, արդյոք թիրախավորվե՞լ են խաղաղ բնակավայրերը, կապ հաստատեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանի հետ:

Նա հորդորեց դիմել Պաշտպանության բանակի մամուլի բաժին: ՊԲ-ից էլ խորհուրդ տվեցին հետևել իրենց պաշտոնական կայքին, միևնույն ժամանակ պնդելով, եթե հաղորդելու տեղեկություն լինի, այնտեղ էլ կտեղադրեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս