Ստի վերջը. Խաչատուր Սուքիասյանն իր հերքումը պետք է հնչեցնի այն նույն ԱԺ ամբիոնից, որտեղից հնչեցրել է անվանարկող տեղեկությունը. Ամրամ Մակինյան

«Րոպեներ անց ես հայցադիմումը կմուտքագրեմ Երևանի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում դիմումը դատարան մուտքագրելուց րոպեներ առաջ ասաց 3-րդ նախագահի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Նա կարևորեց հանգամանքը, որ իրենց պահանջի հիմքում ընկած է այն, որ Խաչատուր Սուքիասյանն իր հերքումը պետք է հնչեցնի այն նույն ամբիոնից, որտեղից հնչեցրել է զրպարտությունը, այսինքն` ԱԺ ամբիոնից։

«Հայցադիմումը բավականին ծավալուն է։ Մենք ներկայացրել ենք բոլոր հիմնավորումները, որոնց ուժով համոզված ենք, որ դատարանը բավարարելու է մեր հայցը և պարտավորեցնելու է Խաչատուր Սուքիասյանին տեղեկությունները հերքել»,- ասաց Ամրամ Մակինյանը։

Վերջինս նաև անդրադարձավ, իր կարծիքով՝ խորքային այն հարցին, որ այս իշխանություններն ընդհանրապես մինչև իշխանության գալը գեներացրել են շատ մեծ քանակությամբ սուտ, ինչի արդյունքում կարողացել են հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների, գեներացրել են ահռելի քանակությամբ ատելություն, որի արդյունքում մենք ունենք այն, ինչ հիմա ունենք։

«Ես հրապարակային հայտարարում եմ, որ այսուհետ բոլոր ստերի հետևից մենք գնալու ենք, և այս իշխանություններն այլևս հնարավորություն չեն ունենալու օգտվել մեր համբերությունից, բարի կամքից և հանրության լայն զանգվածների առաջ հրապարակել սուտ տեղեկություն այն մարդկանց մասին, որոնց գործունեության, ջանքի և դրած կյանքի արդյունքում մենք հիմա կանգնած ենք այստեղ, ու ես կարողանում եմ ձեզ հարցազրույց տալ»,- դիմելով լրագրողներին` ասաց Ամրամ Մակինյանը` հավելելով, որ այլևս այդպիսի վարք չեն հանդուրժելու։

Նա շեշտեց` չեն հանդուրժելու, որ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը պտտի ակնհայտ մի սուտ, և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ այդ սուտը դարձնեն մեծ փուչիկ։

«Համոզված եմ, բոլորդ հիշում եք` նախընտրական շրջանում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 24 ժամ տվեց Նիկոլ Փաշինյանին իր այս ստի վերաբերյալ, որը հիմա մենք հերքելու պահանջով հայցադիմում ենք ներկայացնում, կամ փաստեր ներկայացնել, կամ պարոն նախագահն այդ հարցին իր լուծումը կտար ու տվեց։ Չի՛ կարելի այսպես առաջ գնալ, չի՛ կարելի խաղալ մարդկանց նուրբ լարերի վրա»,- ասաց պաշտպանը։

Նրա խոսքով` որևէ մեկը չի մոռացել, թե 2018թ. դեռևս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ինչ էր խոսում արագաչափերի սեփականատիրոջ մասին, ինչը վերագրում էին 3-րդ նախագահի եղբորը։

«Հիմա որևէ մեկն այդ մասին չի խոսում, իսկ արագաչափերը դեռ մի բան էլ ավելացված ռեժիմով շարունակում են տուգանել։ Ինչի մենք տուգանքի մատերիա՞լ ենք։ Սա ո՞ւմ հռետորաբանությունն է. Նիկոլ Փաշինյանի՛»,- ասաց Ամրամ Մակինյանը` նշելով նաև այն բազմաթիվ բացված գործարանների վերաբերյալ խոսակցությունները, որոնք բացվել ու փակվել են նույն օրը։

Նա ասաց` այսօրվանից ազդարարում են ստի վերջը, և չի լինելու այնպես, որ որևէ մեկը բաց, հրապարակային անվանարկող տեղեկությունների համար պատասխան չտա։

Հարցին, թե ինչու դատի չեն տվել այն ժամանակ, Ամրամ Մակինյանն ասաց, որ ՀՀ 3-րդ նախագահի համբերությունը լցվեց այն ժամանակ, երբ դա քարոզչական շրջանում օգտագործվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, և հրապարակային տրվեց 24 ժամ։

«Երբ անձին, տղամարդուն, երկրի ղեկավարին 24 ժամ է տրվում, և մյուս կողմից որևէ արձագանք, ձայն, փաստարկ չի լսվում, դա արդեն կոնկրետ գնահատական է մյուս կողմի գործողություններին»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Պաշտպանը նշեց, որ բացի հերքման պահանջից, նաև 1 միլիոն դրամ վնասի փոխհատուցման պահանջ են ներկայացրել, որը կփոխանցվի Զինվորների ապահովագրության հիմնադրամին:

Հարցին՝ հաշվի առնելով մեր իրավապահ մարմինների կողմից ընդունված գնահատականը, երբ ցանկացած նման հայտարարություն որակվում է՝ որպես քաղաքական գնահատական կամ հայտարարություն, արդյո՞ք մտավախություն չունեն, որ դատարանը սա նույն կերպ կգնահատի, Ամրամ Մակինյանը պատասխանեց, որ քաղաքական խոսքը չի կարող լինել անվանարկող, վարկաբեկիչ, զրպարտչական, և այդ մասին նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է խոսել:

«Քաղաքական խոսքը չի կարող անցնել սահմաններ, որտեղ խախտվում են այլ անձի իրավունքներ: 3-րդ նախագահը Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահն է, քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ, և երբ որևէ մեկն անվանարկում է քաղաքական գործչին, դա չի կարող արդարացվել որևէ դատարանի կողմից»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Դիտարկմանը, թե Խաչատուր Սուքիասյանն ասում է, որ ինքը փաստեր ունի, պաշտպանն ասաց՝ փաստեր չեն կարող լինել, որովհետև այդպիսի իրողություններ գոյություն չեն ունեցել, իսկ դատարանը նման դեպքերում պահանջում է այդ փաստերն ու ուսումնասիրում այն:

«Դատաքննությունը հրապարակային է լինում, և որևէ մեկը զրկված չի լինելու «փաստերին» ծանոթանալուց, և դուք էլ կարող եք գալ դատարան ու տեսնել՝ ինչպես հիմնավորվեց 100 միլիոն դոլարի պարտվելը Բադեն-Բադենի կազինոյում»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Պաշտպանն ասաց, որ գործադիրից ակնկալիք ունի այնպես վարվել, որ ապագայում իրենց նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցը մեղմ լինի, և իրենց սերունդներն իրենց համար չամաչեն:

«Որևէ մեկը հույս չունենա, թե հնարավոր է լինելու պատմությունն աղավաղել. Սա միջնադարը չէ: Բոլորս ենք պատասխանատվություն կրելու մեր գործողությունների համար: Որևէ մեկը չմոռանա, թե ես մոռացել եմ Զոհրաբ Մնացականյանին (ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար,- Գ.Ս.), երբ BBC-ին հարցազրույցի ժամանակ խոսում է փողով ինչ-որ ճամպրուկներ տանել-բերելու մասին: Հարգելի պարոն Մնացականյան, երբ պատերազմից անմիջապես հետո Դուք հրաժարական տվեցիք, հիմա Դուք ո՞ւր եք»,- ասաց Ամրամ Մակինյանը՝ հիշեցնելով, որ պատերազմը երկու կողմ է ունենում՝ դիվանագիտական և ռազմական, և ուրեմն հիմա ո՞ւր է մեր դիվանագիտական պարտության մեղավորը:

Հիշեցնենք, որ միջազգային հեղինակավոր և միլիոնավոր լսարան ունեցող լրատվամիջոցին տված այս հարցազրույցից հետո 168.am-ը պաշտոնական հարցում էր ուղղել ՀՀ արտգործնախարարությանը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, հյուրընկալվելով BBC-ի «HardTalk» հաղորդաշարին, հրապարակավ հայտարարել էր, որ հեղափոխական կառավարության ջանքերի շնորհիվ այս ամիսների ընթացքում կարողացել են տեղ հասցնել այն ուղերձը, որ իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվում: Խնդրել էինք  պատասխանել այն հարցին՝ ովքե՞ր էին բերում այդ ճամպրուկները, ի՞նչ էր այդ ճամպրուկների մեջ, ո՞ւմ էին բերում այդ ճամպրուկները, և ինչպիսի՞ նյութերի հիման վրա է ՀՀ Արտաքին գործերի նախարարը BBC-ի եթերում նման հայտարարություն արել։

Հարցազրույցի հրապարակման օրն իսկ՝ 2019թ. հոկտեմբերի 25-ին, այս հարցումով դիմել ենք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին։ Երկարատև պնդումներից հետո ստացել էինք այսպիսի պատասխան. «Նախարար Մնացականյանը նկարագրել է համակարգային կոռուպցիայի դեմ ՀՀ կառավարության պայքարը՝ օգտագործելով պատկերավոր բնորոշում»։

Ամրամ Մակինյանը հարց ուղղեց՝ այդ ի՞նչ ճամպրուկներ էին, և ո՞ւր են այդ քրեական գործերը՝ պնդելով, որ իշխանությունների հենց այդպիսի սուտ հայտարարություններից  մեր հասարակությունը բաժանվեց երկու մասի:

Անդրադառնալով մեր այդ հարցման ԱԳՆ պատասխանին՝ պաշտպանն ասաց՝ սարսափելի է, երբ Հայաստանն արտաքին աշխարհում ներկայացնող անձը չի հասկանում՝ որտեղ ինչ է խոսում:

«Եվ եթե ԱԳՆ-ն կարծում է, որ ԱԳ առաջին դեմքի մակարդակով կարող է անվանարկել երկրի նախագահին ու դա սղղացնել պատկերավոր դարձնելու տակ, ես առաջարկում եմ պարոն Զոհրաբ Մնացականյանին՝ հետայսու այդպիսի պատկերավոր մտքեր ունենալու պարագայում սկսի հեքիաթներ գրել և մտածի, թե ինչ պատասխան է տալու այն իշխանություններին, որոնք իրենից ակնկալելու են պատասխաններ՝ կապված 2018-2020թթ. ընթացքում ընդհանրապես Արցախի վերաբերյալ հարցերին»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Նա հիշեցրեց, որ մենք պատմական շանս ենք ունեցել, և ՀՀ 3-րդ նախագահն այն մարդկանցից է, ով այդ շանսը հնարավորություն է ունեցել հասցնելու այն կարգավիճակին, որ մենք ունեցել ենք 2 հայկական պետություն:

«Եվ քարոզարշավում մեկը, ով թռվռում է մուրճով, էլի խոսում է Բադեն-Բադեններից: վերջ: Այլևս այդպես չի՛ լինելու: Մենք կտրելու ենք ստի ոտքերը»,- ասաց Ամրամ Մակինյանը:

«Մենք պահանջելու ենք արդարություն, որովհետև իմ մեջքի հետևում ՀՀ դատարանն է, որն արդարադատություն է իրականացնում»,- ասաց Ամրամ Մակինյանը՝ հիշեցնելով, որ դատարանի ակտը չկատարելը հանցագործություն է:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմում ներկայացնելուն, պաշտպանն ասաց, որ իրենց հայցադիմումն այլ, բարոյական հարթության մեջ էր, երբ նախագահը 24 ժամ տվեց ապացուցելու համար, իսկ նման ապացույցներ չներկայացվեցին, և այդ առումով, այո, ինքը համարում է, որ իրենց այդ հայցը բավարարված է:

Ամրամ Մակինյանն ասաց նաև, որ այս իշխանությունների բոլոր ստերը պայթեցին պատերազմի ժամանակ, և հիմա էլ շարունակում են պայթել:

«Հանրահայտ փաստ է, որ գործադիրի ղեկավարն ընդհանրապես տարբերակված մոտեցում է ցույց տալիս իր հրահանգներով իշխանահաճո և ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող անձանց ու շրջանակների միջև:

Հիշենք, որ մենք Ազգային անվտանգության ծառայությանը մեր տված հաղորդմամբ և ԶԼՄ-ներից ներկայացված փաստերով ներկայացրել ենք, որ գործադիրի ղեկավարի օգնականը միջամտել է կոնկրետ գործերով քննությանը:

Խոսքը Աննա Վարդապետյանի մասին է, և ՀՀ գլխավոր դատախազությունն այդ իրավիճակը որակեց՝ որպես խորհրդատվություն քննիչին: Դա ծիծաղելի է, դրանք շատ վատ տեղեր տանող գնահատականներ են, բայց ամեն դեպքում մենք շարունակելու ենք մեր պայքարը մեզ հասանելի բոլոր հնարավորությունների օգտագործմամբ, որոնք օրենքով չեն արգելվում»,- ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների՝ ԱԱԾ-ում Աննա Վարդապետյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը կասեցրել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Ամրամ Մակինյանն ասաց, որ իրենք զրպարտչական են որակել և պահանջում են հերքել տեքստը, որտեղ Խաչատուր Սուքիասյանն օգտագործել է հետևյալ նախադասությունը. «Բոլորդ լավ գիտեք, որ 3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոյում կրվել ա, նույն Բադեն-Բադենում»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթի ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ասել էր.

«Մենք չորս եղբայրներով մեր ծնողի հետ տասնյակ տարիներ չենք քնել, աշխատել ենք, չենք կարողացել ստեղծել, ինձնից խելացի՞ մարդ է, ինձնից ուժե՞ղ տղա է, էդ ո՞նց է էդպես լինում: Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 միլիոն դոլարից ավելի գումար կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում: Երրորդ նախագահը եկել է Հայաստան, պարոն Օհանյանը լավ գիտի, կոշիկներից մեկը մյուսից մի համար մեծ է եղել»:

Այս պնդումը քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը շարունակել էր «այդ ամենը եղել է բանակի և պետության այլ ծախսերի հաշվին» մտքով:

Տեսանյութեր

Լրահոս