Ինչո՞ւ է Մոսկվային պետք հայ-թուրքական մերձեցում

«Մոսկվան պատրաստ է նպաստել Երևանի և Անկարայի հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաև տեսնում է դրական ազդակներ երկու երկրների միջև»,- այս մասին նախօրեին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ըստ էության, առաջին անգամ պաշտոնապես ներկայացնելով Մոսկվայի դիրքորոշումը հայ-թուրքական հնարավոր կարգավորման հարցի վերաբերյալ:

«Մենք արձանագրել ենք Երևանի և Անկարայի միջև վերջերս տեղի ունեցած դրական ազդակների փոխանակումը, նկատի ունենք արձանագրել այն համատեքստում, որ տեսել ենք այն և ի գիտություն ընդունել։ Մենք այժմ էլ պատրաստ ենք ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցմանը՝ փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու հիման վրա»,- հայտարարել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը, հատկապես 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարությունների համատեքստում «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ֆոնին»։

Զախարովան նաև ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ կողմ է եղել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը և ակտիվ մասնակցություն ունեցել այդ գործընթացում։

«Ի դեպ, մենք նախկինում անմիջականորեն մասնակցել ենք համապատասխան միջնորդական ջանքերին։ Այսպես, մենք նպաստել ենք 2009 թվականին Ցյուրիխում, այսպես կոչված, ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը։ Վերջինս ենթադրում էր փուլ առ փուլ, առանց նախապայմանների առաջքաշման, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավում։ Իրավամբ, Ռուսաստանը ոչ միայն միջնորդի, այլև գործնական, արդյունավետ դեր է ունեցել, որն այդ հանդիպման ժամանակ հանգեցրել է դրական արդյունքների։ Ցավոք, նախաձեռնությունները, որոնց կողմերը հասել էին Ռուսաստանի միջնորդության արդյունքում, չիրագործվեցին։ Բայց դա արդեն յուրաքանչյուր պետության կամքն էր»,- եզրափակել է Զախարովան։

Ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն մեզ հետ զրույցում ասաց, որ այս հարցի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման հանրայնացումը պատահական չէր:

Ըստ նրա, պատերազմի դադարեցման հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունները չեն կարող իրագործվել կամ քննարկվել այն ագրեսիվ մթնոլորտում, որը կա Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև:

Մալաշենկոյի կարծիքով, այդ հայտարարություններից հետո էլ ռազմատենչ հռետորաբանությունը, քաղաքականությունը շարունակվել է, և այդ ժամանակահատվածում հնարավոր չի եղել ունենալ կայուն հրադադարի իրավիճակ, ուժի մթնոլորտում հնարավոր չէ պայմանավորվածություններ ձեռք բերել ճանապարհների շուրջ, կամ, եթե դրանք նույնիսկ ձեռք բերվեն, ապա այդ ամենը Ռուսաստանը չի կարող անվերջ վերահսկել, պետք է լինի համագործակցություն ինչ-որ մակարդակի, որպեսզի Ռուսաստանը հավելյալ ռեսուրս չներդնի անվտանգային հարցերի վրա:

Այսինքն, Մալաշենկոյի դիտարկումների համաձայն, Ռուսաստանի դրական դիրքորոշումը հայ-թուրքական հեռանկարների հարցում լիովին հասկանալի է:

Նրա կարծիքով, եթե ստորագրված հայտարարությունների իրագործման ուղղությամբ առաջընթաց չկա, ժամանակն աշխատում է հենց այդ հայտարարությունների դեմ, հետևաբար՝ տարածաշրջանում ավելի է ակտիվանալու Արևմուտքը և արևմտյան ներկայությունը, քանի որ կան անընդհատ միջամտության փորձեր:

«Պետք էր շատ ավելի վաղ սկսել սառույցը հալեցնելու գործընթաց, որպեսզի հնարավոր լինի հեռակա մեղադրանքների փոխարեն բանակցել կարևոր հարցեր: Ուստի կարևոր է, որ Ռուսաստանը հայտնում է, թե պատրաստ է աջակցել կողմերի միջև շփմանը: Սա կարևոր է նաև ցույց տալու համար, որ Ռուսաստանի վերահսկողությունը կա բոլոր գործընթացների նկատմամբ:

Հայաստանի և Թուրքիայի միջև կարող է լինել ոչ թե բարեկամություն, այլ շփում անհրաժեշտ հարցերի շուրջ, սակայն նաև ոչ թշնամություն:

Կողմերն ինչ-որ շատ թույլ ազդակներ փոխանցում են միմյանց, սակայն դրանք այս պահին շատ նախնական ու թույլ են։ Բնականաբար, ավելի խորքային գործընթացի համար երկու կողմից էլ հարկավոր են լինելու քայլեր, և այդ ժամանակ պարզ կլինի կողմերի մտադրությունը և ապագա իրադարձությունները: Ակնկալել, որ սա հեշտ գործընթաց է լինելու՝ միամտություն է, քանի որ պատմական խորը տարաձայնություններ կան, իսկ մտածել, որ ներկայիս Թուրքիան ընդունելու է դրանք, ևս միամտություն է, հատկապես, երբ Էրդողանը կոչ է անում մոռանալ պատմության մասին, չմեղադրել և այլն»,- ասաց Մալաշենկոն:

Նա նշեց, որ ազդեցության գոտիները ներկայումս փոխվում են, այս իրադարձությունները նպաստում են դրան:

«Կանխատեսումս այն է, որ ապագա մի քանի տարիների ընթացքում բոլոր կենտրոնների ազդեցության գոտիները փոփոխական են լինելու, այս պահին Ռուսաստանը շարունակում է ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում, դա կարող է մասամբ փոխվել, այլ տեսք ստանալ՝ Ռուսաստանին տեղափոխելով այլ օջախ, Թուրքիային՝ մեկ այլ»,- ասաց Մալաշենկոն:

Նա վստահեցնում է, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում ներկայումս որոշիչ դերակատարություն ունեն Աֆղանստանում և Աֆղանստանի շուրջ կատարվող իրադարձությունները:

«Աֆղանստանում ստեղծված իրավիճակը լրջագույն սպառնալիք է Ռուսաստանի համար, որը չեզոքացնելու վրա է այս պահին կենտրոնացած Ռուսաստանն իր գործընկեր երկրների հետ: Այս ֆոնին անդրկովկասյան օրակարգն էապես ստվերվում է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս