Երկարաժամկետ կարգավորում հնարավոր է միայն սահմանագծման և սահմանազատման միջոցով, ՌԴ նախագահի նախաձեռնությունն այս հարցով լավ հայտնի է. Լավրով

ՌԴ ԱԳՆ-ում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նորանշանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները, որի արդյունքներով նրանք հանդես են գալիս մամուլի ասուլիսով:

Իր բացման խոսքում, ի թիվս մի շարք հարցերի, ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ մտքեր են փոխանակել նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ ԼՂ հակամարտության տիրույթից դուրս:

«Ելնում ենք նրանից, որ բոլոր հարցերն անհրաժեշտ է լուծել քաղաքական-դիվանագիտական մեթոդներով: Երկարաժամկետ կարգավորում հնարավոր է միայն  սահմանագծման և սահմանազատման միջոցով՝ ՌԴ նախագահի նախաձեռնությունը այս հարցով շատ լավ հայտնի է: Մենք այսօր խոսեցինք  այն մասին, թե ինչպես  ապահովենք դրա արագ իրագործումը: Հաստատեցինք մեր պատրաստակամությունը՝ ամեն կերպ աջակցել այդ գործընթացին»,- ասաց Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը գոհունակություն հայտնեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքից  Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցի շուրջ: Ամփոփելով իր խոսքը՝ Լավրովը նշեց, որ ռուսական կողմը գոհ է բանակցությունների արդյունքներից:

Տեսանյութեր

Լրահոս