Սեպտեմբերի 1-ից տրանսպորտում հսկողությունն ավելի է խստացվելու. դիմակ չկրելու համար կտուգանվեն
ՀՀ ոստիկանության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ շարունակում են մշտադիտարկել Երևանի վարչական շրջանների կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, ինչպես նաև տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող տնտեսվարողների աշխատանքը։
ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները մասնավորապես ուսումնասիրում են Covid-19-ի պայմաններում տրանսպորտային գործունեության կանոնների պահպանման վիճակը (դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, սոցիալական հեռավորության պահպանում, տրանսպորտային միջոցների ախտահանում)։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ սեպտեմբերի 1-ից հսկողությունն ավելի է խստացվելու:
«Երկու շաբաթվա պատկերը հետևյալն է. իրականացվել է 940 մշտադիտարկում, այսինքն, այդքան տրանսպորտտային միջոց ստուգվել է, կազմվել է 82 արձանագրություն: Խախտումներն ավելի շատ հանրային տրանսպորտում են»,- ասաց տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը:
Նրա փոխանցմամբ՝ եթե խախտումներ են հայտնաբերվում, ապա տուգանվում են կազմակերպությունների տնօրենները:
«Խախտումների ժամանակ տուգանվում են կազմակերպության տնօրենները, հիմնական խախտումը ուղեսրահում ուղևորների կողմից դիմակներ չկրելն է: Երբեմն՝ նախազգուշացնում, երբեմն էլ՝ միանգամից տուգանում են: Եվ, եթե հայտնաբերվում է, որ վարորդը կրկնակի խախտում է կատարել, ուրեմն տուգանվում է»,- հավելեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ տուգանքի չափը կազմում է 100.000 դրամ: