Ադրբեջանի սադրիչ քայլերն ուղիղ ոտնձգություն են Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ. Միրզոյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ տարածաշրջանում լարված իրավիճակի պահպանումը պայմանավորված է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ:  Արարատ Միրզոյանն այս մասին ասել է Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:

«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր ռազմավարությունն են, և մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսության այդ ուղղությամբ: Սակայն տարածաշրջանում պահպանվում է բավականին լարված իրավիճակը, և դա մեծապես պայմանավորված է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ»,- ասել է Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարն արձանագրել է, որ Բաքուն չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները: «Ավելին, խախտելով միջազգային իրավունքը՝ Ադրբեջանը հրապարակային սադրիչ քայլերի է գնում, որոնք ուղիղ ոտնձգություն են Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, ինչին մենք բախվել ենք այս տարվա մայիսի12-ից»,- նշել է Միրզոյանը՝ հավելելով, որ այս բոլոր գործողություններն ուղեկցվում են ագրեսիվ հայտարարություններով Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Միրզոյանը նաև հավելել է, որ պաշտոնական Բաքուն, մշտապես գեներացնելով նոր կեղծ օրակարգեր, հրաժարվում է իր պարտավորությունների կատարումից, մասնավորապես չի վերադարձնում բոլոր ռազմագերիներին և բռնի պահվող անձանց:

Տեսանյութեր

Լրահոս