Բաժիններ՝

Վրաստանում ուսումնական տարին հեռավար ձևաչափով կմեկնարկի սեպտեմբերի 15-ին

Ուսումնական տարին Վրաստանի դպրոցներում, բուհերում եւ քոլեջներում կմեկնարկի հեռավար ձեւաչափով. մասնավորապես հեռավար ուսուցումը երկրում կտեւի սեպտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը: Այդ մասին հայտարարել է Համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն։

Ինչ վերաբերում է պետական եւ մասնավոր մանկապարտեզներին, ապա դրանք աշխատանքը չեն վերսկսի մինչեւ հոկտեմբերի 4-ը: Թե ինչ կլինի հոկտեմբերի 4-ից հետո եւ ինչ չափանիշներով կղեկավարվեն իշխանությունները, պարզաբանել է կրթության եւ գիտության նախարար Միխայիլ Չխենկելին:

«Մենք որոշել ենք, որ ունենալու ենք տարբերակված մոտեցում: Դա նշանակում է հետեւյալը. այն քաղաքներում կամ գյուղերում, որտեղ ախտահարման ցուցանիշը 4 տոկոսից ցածր կլինի, ուսումը կսկսվի դասարաններում եւ, համապատասխանաբար, լսարաններում, այսինքն՝ անմիջակա ձեւաչափով: Իսկ այն քաղաքներում կամ գյուղերում, որտեղ ախտահարման ցուցանիշը 4 տոկոսից բարձր կլինի, ուսումը կշարունակվի հեռավար ձեւաչափով»,-նշել է Չխենկելին:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է նախարարը, այն քաղաքներում եւ շրջաններում, որտեղ հոկտեմբերի 4-ից հետո ախտահարման ցուցանիշը 4 տոկոսից ցածր կլինի, ծնողներին կառաջարկվի ընտրության տարբերակ:

«Եթե ծնողը նախընտրի, որ իր երեխան ուսումը շարունակի հեռավար ձեւաչափով, ապա մենք այդպիսի հնարավորություն կընձեռենք ծնողներին: Համապատասխանաբար, մեր կողմից առաջարկվող տարբերակը լինելու է առավելագույնս ճկուն»,-նշել է Չխենկելին, հաղորդել է Sputnik-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս