Հերթական քննիչը՝ ՔԿԾ-ում. 168.am-ի տեղեկությունը հաստատվեց
Շաբաթ օրը 168.am-ը, հղում կատարելով Արդարադատության նախարարությանը մոտ իր աղբյուրներին, գրել էր, որ նախարար Կարեն Անդրեասյանն ակտիվ դիրքավորումների փուլում է, և արդեն իսկ սկսել է նախարարության ենթակայության ներքու գտնվող իր առանձնացված ստորաբաժանումներում մտածել կադրային փոփոխությունների մասին:
Տեղեկացրել էինք, որ նա այդ գործընթացը սկսել է Քրեակատարողական ծառայությունից, ու արդեն իսկ ՔԿԾ-ն ունի նոր տեղակալ՝ Թադևոս (Թաթուլ) Նալբանդյան անուն-ազգանունով, ով ի դեպ նախարար Անդրեասյանի ընկերն է՝ ըստ մեզ հասած լուրերի: Եվ թեպետ ՔԿԾ կայքում դեռ այդ հաստիքը Ռոբերտ Մինասյանն էր զբաղեցնում, օրեր առաջ նա արդեն իսկ անսացել էր ղեկավարության հորդորին ու աշխատանքից ազատման դիմում գրել:
Ինչևէ, ՔԿԾ կայքում պետի 4-րդ տեղակալն արդեն վերոնշյալ Թադևոս Նալբանդյանն է, պատկառելի կենսագրությամբ 39-ամյա քննիչ, ծագումով Գավառից:
Ի տարբերություն այս իշխանությունների պաշտոնյաների ճնշող մեծամասնության՝ Թադևոս Նալբանդյանը ծառայել է բանակում, ապա աշխատել նախ՝ ոստիկանության քննչական մարմնում, ապա՝ Քննչական կոմիտեում, որտեղից և եկել է Քրեակատարողական ծառայություն:
Իհարկե, դեռևս անհասկանալի է, թե դեռևս օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ աշխատած Թադևոս Նալբանդյանն ինչ պետք է անի ՔԿԾ պետի՝ տնտեսական ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում, բայց չի բացառվում, որ փոխվի նրա կուրացիայի ոլորտը, որովհետև ՔԿ ծառայության այս ղեկավարության օրոք ոչ թե անձերն են հարմարեցվում պաշտոնին, այլ ուղիղ հակառակը՝ պաշտոնները՝ անձերին: