Հայ-ռուսական համագործակցության օրակարգը հագեցած է. կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ
Մոսկվայում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հանդիպման ընթացքում Սերգեյ Լավրովն անդրադարձել է նաև ԼՂ հարցին՝ ընդգծելով, որ Ղարաբաղյան կարգավորման հարցում կա հարցերի մի ամբողջ շրջանակ, որոնք ուղիղ քննարկում են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները, Հայաստանի վարչապետը:
«Կան հարցեր, որոնք ամենօրյա ռեժիմով լուծում են մեր զինվորականները, սահմանապահները՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ համագործակցությամբ: Գործում է տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խումբը փոխվարչապետերի մակարդակով»,- ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ հայ-ռուսական համագործակցության օրակարգը շատ հագեցած է՝ տնտեսություն, ներդրումներ, անվտանգության ոլորտ, ինչպես նաև հումանիտար, կրթության, գիտության ոլորտներ: «Մենք ցանկանում ենք, որ այդ համագործակցությունը շարունակի զարգանալ՝ ի շահ մեր քաղաքացիների և մեր փոխգործակցության»,- նշել է Լավրովը:
Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարար նշանակվելու առիթով և շնորհակալություն է հայտնել առաջին այցը Մոսկվա կատարելու համար: