«Կարծում եմ՝ ԳՇ նախկին պետի պարկեշտությունն է, որ իրեն թույլ չի տալիս մինչև հիմա որևէ փակագիծ բացել». Գեղամ Մանուկյան
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր նախատեսված էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն: «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ տեղակալի թեկնածուին ուղղված իշխանական պատգամավորների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Արցախին բանակցային գործընթացից դուրս թողնելուն, ինչպես նաև արցախյան երկրորդ պատերազմին մասնակցությանը:
«Ամեն անգամ իշխանական պատգամավորները փորձում են դա հիշեցնել, բայց պետք է արձանագրել մեկ բան՝ 1998 թվականին գալով իշխանության՝ Ռոբերտ Քոչարյանը չդրեց գերխնդիր բանակցություններին Արցախի մասնակցությունը»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմին այս կամ այն ուժի ներկայացուցչի մասնակցությանը, որի վերաբերյալ կրկին հարց էին բարձրացրել իշխանական պատգամավորները, Գեղամ Մանուկյանը նշեց, որ պատերազմում բոլորի մասնակցության, նաև իշխանության, վարչապետից սկսած, կազմակերպված անկազմակերպվածությունը ԱԺ քննիչ հանձնաժողովում գուցե պարզ կդառնա, թե ինչ ազդեցությունն ունեցավ։
Արթուր Ղազինյան թեմայի վերաբերյալ հարցերին պատասխանելու ընթացքում Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը միջամտեց և շեշտելով, որ իշխանական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը մասնակցել է պատերազմին, հետահայաց խորհուրդ տվեց իր ղեկավարած հանձնաժողովի տեղակալի թեկնածուին, թե կարող էր դիմել Գուրգեն Մելքոնյանին: Գեղամ Մանուկյանը դրան ի պատասխան՝ զարմանքով նշեց.
«Պարոն Մելքոնյանը պարբերաբար ուղիղ եթերում հարցազրույցներ էր տալիս այդ ժամանակ, ուզում եմ հասկանալ՝ ինչպես է ստացվել… որովհետև Մասիսի երկրապահի տղաների պատմություններ կան, բան կա»։
Գեղամ Մանուկյանը նաև անդրադարձավ Գլխավոր շտաբի հայտարարությանը՝ կառավարության հրաժարականի վերաբերյալ, պատգամավորն ընդգծեց, որ մինչև օրս ԳՇ նախկին պետը որևէ հանգամանալից բացատրություն չի տվել, թե ինչու ծնվեց այդ հայտարարությունը։
«Կարծում եմ՝ ապագայում այդ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովն այդ բոլոր հարցերին կպատասխանի, և կարծում եմ՝ ԳՇ նախկին պետի պարկեշտությունն է, որ իրեն թույլ չի տալիս մինչև հիմա որևէ փակագիծ բացել, որևէ կաբինետային խոսակցության հարց քննարկել»,- շեշտեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։