Եթե ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասում է, որ Բաքվում պահվող մեր քաղաքացիները պատանդներ են, ինչո՞ւ քրգործ չի հարուցվում այդ հանցակազմով
Արդեն տևական ժամանակ է, 168.am-ն իրավասու պետական մարմիններից՝ ՀՀ Գլխավոր դատախազությունից ու Քննչական կոմիտեից, փորձում է պարզել՝ Բաքվում ըստ էության որպես պատանդ պահվող մեր տղաների առնչությամբ արդյո՞ք քրեական գործ հարուցված է պատանդառության հանցակազմով:
Հիշեցնենք, որ առնվազն հունիսի 24-ից հետո, երբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակեց Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն այն մասին, որ Ադրբեջանում պահվող մեր ռազմագերիներն այդ երկրում պահվում են՝ որպես պատանդներ, պատանդառության հանցակազմով քրեական գործի հարուցումը թվում էր, թե պետք է լինի անհապաղ կատարվելիք գործողություն:
Տեսանյութն ապացույց էր առ այն, որ հայկական կողմի բոլոր գերիներն Ադրբեջանում պահվում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների ու առևտրի համար: Հետևաբար՝ գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ են, իսկ կալանավորումները` արգելված պատիժ:
Հուլիսի 1-ին 168.am-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը, անդրադառնալով Արման Թաթոյանի հրապարակած տեսանյութին, ասել էր, որ ողջ միջազգային հանրությունը տեղյակ է, որ վերջին 15 գերիների վերադարձը կատարվել է ականապատ տարածքների քարտեզների փոխարեն:
Լևոն Գևորգյանը նշել էր՝ պատանդառության վերաբերյալ գոյություն ունի միջազգային կոնվենցիա, որը նախատեսում է նաև չլուծված վեճերը ՄԱԿ-ի միջազգային դատարան տանելու հնարավորություն: Այդ կոնվենցիան նախատեսում է դատել կամ հանձնել բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել պատանդառության հանցակազմի մեջ:
Վերոգրյալը հաշվի առնելով՝ մենք դիմել էինք գլխավոր դատախազություն և Քննչական կոմիտե՝ իրավապահ այդ կառույցներին հասցեագրելով հետևյալ հարցերը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվա՞ծ է արդյոք քրեական գործ պատանդառության հանցակազմով, այդ թվում՝ նաև միջազգային իրավունքի մոտեցումները հաշվի առնելով, նույնականացվա՞ծ են արդյոք պատանդառության քաղաքականության մեջ ներգրավված բոլոր անձինք, և Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության ո՞ր ներկայացուցիչների մասով է քրեական հետապնդում նախաձեռնված պատանդառության հանցակազմով:
Ինչպես և ակնկալում էինք, մենք մեր հարցերի պատասխանները չստացանք, ինչպես չենք ստանում երբեք, երբ հարցի մեջ կա «Ադրբեջան» արմատով բառ:
Այս պահին սրան ևս մեկ անդրադարձ չէինք կատարի, եթե երեկ Բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր հղած ուղերձի մեջ ուշագրավ ձևակերպում չաներ:
«Այս խորհրդանշական օրը ցանկանում եմ կրկին բարձրաձայնել և մեր բոլոր գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների վերականգնման խնդրին: Ադրբեջանական իշխանությունները հերքում են տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման փաստը, որի առնչությամբ կան հստակ ապացույցներ, ուստի այդ անձինք ինքնաբերաբար համարվում են բռնի անհետացման զոհ: Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումները՝ Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և պատանդառված քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ»,- ասել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Հատկանշական է, որ Արարատ Միրզոյանը չի վարանել Ադրբեջանում պահվող մեր քաղաքացիների առնչությամբ օգտագործել «պատանդներ» ձևակերպումը:
Ավելին, նա զարգացրել է թեման՝ հավելելով, որ ի շարունակություն Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից վարվող հայատյացության հետևողական քաղաքականության, Ադրբեջանում գտնվող հայ գերիներն ու պատանդները ենթարկվում են խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի: Արդեն արձանագրված են նաև նրանց կյանքի իրավունքից զրկելու դեպքեր: Շարունակվում են հայ ռազմագերիների ապօրինի և շինծու դատավարությունները:
«Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների իրական թվերի և պահման վայրերի թաքցնելը պատերազմական և մարդկության հանդեպ հանցագործությունների կատարման անհերքելի վկայություն են»,- նշել է Արարատ Միրզոյանը:
Իհարկե, լավ է, որ համատարած խեղճության ֆոնին Արտաքին գործերի նախարարը, առիթն օգտագործելով, ընդհանուր առմամբ բավականին կոշտ ուղերձ է հղում, բայց թերևս, այն պետք է նաև քաղաքական-իրավական հետևանքներ ունենա:
Կարծում ենք, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը լավ կանի՝ հետաքրքրվի՝ արդյո՞ք իր կատարած «պատանդներ» ձևակերպման հետևում կա հարուցված քրեական գործ: