«Ես շիշը վերցրել ու նետել եմ այն ուղղությամբ, որտեղից եկել էր». Արթուր Ղազինյանի պատասխանն Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած առաջին հարցին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու հարցը։

Նրա թեկնածությունը հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ներկայացնելուց հետո Արթուր Ղազինյանին առաջինը հարց ուղղեց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հանձնաժողովի նախագահն իր  տեղակալի թեկնածուից նախ ճշտեց,  թե նա նախկին վարչապետ, ապա նաև ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը   եղե՞լ է, թե՞ ոչ:  Դրական պատասխան ստանալուց հետո շարունակեց։

«Ձեր դաշինքն ունի առաջնորդ՝ հանձինս Ռոբերտ Քոչարյանի, նրա հետ խորհրդակցվե՞լ է Ձեր թեկնածությունը ներկայացնելու հարցը, տեղյա՞կ եք»,- հարցրեց Անդրանիկ Քոչարյանը։

Հարցին ի պատասխան՝ Արթուր Ղազինյանը նախ նշեց, որ նա ժամանակին Տարածքային կառավարման նախարարությունում՝ նախարարի խորհրդականի պաշտոնում զբաղվել է մասնագիտական գործունեությամբ։

«Այդ ընթացքում երկու անգամ եղել են ընտրություններ՝ 2004, 2008 թվականներին. ամբողջ ընթացքում ես ոչ միայն կուսակցական չեմ դարձել, չեմ ներգրավվել ընտրություններին, նույնիսկ նախընտրական շտաբում չեմ եղել։ Իմ թեկնածությունը քննարկվել է մեր դաշինքի առաջնորդի հետ միասին, որոշումը կայացվել է նրա մասնակցությամբ և նրա կողմից»,- շեշտեց նա։

Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ հարց ուղղեց Արթուր Ղազինյանին նրա ֆինանսական կարողությունների մասին։

«Երբ դուք աշխատում էիքն Հովիկ Աբրահամյանի խորհրդական, զբաղվում էինք նաև գիտական գործունեությամբ, Ձեր ներկայացրած հայտարարագրից երևում է, որ շատ հարուստ եք, այն գիտական գործունեությա՞ն, թե՞ Հովիկ Աբրահամյանի մոտ աշխատելու արդյունք է»,- հետաքրքրվեց Ա. Քոչարյանը։

Արթուր Ղազինյանը  հարցին ի պատասխան, պարզաբանեց, որ 2010 թվականից պետական ծառայության մեջ չի եղել, և արդեն 10 տարի է։

«Պարոն Քոչարյան, դուք եղել եք խորհրդական իմ կողմից հարգված, Ազգային հերոս,  սպարապետ Վազգեն Սարգսյանի, չնայած ձեր խմբակցությունում մարդիկ կան, որ այդպես չեն կարծում, ելույթը հնչել է, մենք այս մասին լսել ենք, կարծում եմ՝ դուք դրան պետք է արձագանքեիք։

Ինչ վերաբերում է  իմ հարստությանը, ես զբաղվել եմ գիտական գործունեությամբ, նաև օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ  ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։ Իմ հնարավորությունները, նաև շփումները լայն  են, այդ թվում՝ Հայաստանից դուրս, և ես ունեցել եմ այդ հնարավորությունը՝ իրացնելու իմ ունեցած գաղափարները»,- նշեց Արթուր Ղազինյանը։

Ապա Անդրանիկ Քոչարյանը  Ղազինյանին ուղղեց իրեն հետաքրքրող հաջորդ հարցը, թե այն օրը, երբ ԱԺ-ում լարված իրավիճակ էր, և պատգամավորները միմյանց ուղղությամբ շիշ էին նետում, ինքը նկատել է, որ Ղազինյանը  շիշ է նետել գործադիրի ղեկավարի ուղղությամբ՝ դա դիտմա՞մբ է արել։

Արթուր Ղազինյանը նկարագրեց նշված օրվա իրադարձությունների մանրամասները, երբ տեղի ունեցավ առաջին պոռթկումը՝ Սեյրան Օհանյանի արդարացված քայլին ի պատասխան, իր տեղից անմիջապես վեր է կացել, որպեսզի հասնի գեներալի մոտ, քանի որ սպասվում էր  նրա նկատմամբ հարձակում։

«Իմանալով գեներալի ոտքի հետ կապված խնդիրը, ուզում էի անմիջապես նրա կողքին լինել, պաշտպանել նրան։ Այդ ճանապարհին իմ գլխին շիշ կպավ, հետո եկա հասա գեներալի մոտ, երկրորդ շիշն ինձ հասավ, ընդ որում, դեմքով կանգնած էի ամբիոնի մոտ։ Ես շիշը վերցրել եմ ու նետել այն ուղղությամբ, որտեղից այն եկել էր, հետագայում տեսա, որ շիշը գնացել է Մհեր Գրիգորյանի կողմ: Անկեղծ, չէի ցանկանա, նրան շատ լավ ճանաչում եմ։ Ձեր կողմից նշած անձն այդ պահին դահլիճում չէր, նա արդեն դուրս էր գալիս»,- նշեց Արթուր Ղազինյանը։

Քննարկումից հետո ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանի թեկնածությանը։ 5-օրյա ժամկետում պետք է նոր թեկնածու առաջարկեն հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար։

Տեսանյութեր

Լրահոս