«Սկզբունքի, մոտեցումի հարց է, ես Ձեր տեղը լինեի, չէի ընտրի Արթուր Ղազինյանին». Գեղամ Մանուկյանը՝ իշխանական պատգամավորին
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին նույն հանձնաժողովում նախագահի տեղակալ ընտրելու հարցը։
Արթուր Ղազինյանի թեկնածությունը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը հայտնի է հանրությանը «Նավակ ճոճող» մականունով, դիմելով Գեղամ Մանուկյանին՝ ասաց, որ նոյեմբերի 9-ից սկսած Արթուր Ղազինյանը ՔՊ բազմաթիվ ներկայացուցիչների անձնական վիրավորանքներ է հասցրել։
«Նա անհիմն, անպատասխանատու հայտարարություններ է թույլ տվել մեր հասցեին։ Պարոն Մանուկյան՝ Դուք իմ տեղը լինեիք պարոն Ղազինյանին կընտրեի՞ք»,- հարցրեց Վիլեն Գաբրիելյանը։
Իրեն ուղղված հարցին Գեղամ Մանուկյանը նախ պատասխանեց, որ այն ժամանակ ՔՊ անդամներին, պատգամավորներին այդ նշած վիրավորանքներն ուղղված չեն եղել, այլ եղել է կոնկրետ անձ՝ Նիկոլ Փաշինյանն է գտնվել կոնկրետ քննադատության և դատապարտման թիրախում։
«Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա սկզբունքի, մոտեցումի հարց է, ես Ձեր տեղը լինեի, չէի ընտրի։ Ի նկատի ունեցեք, որ տվյալ դեպքում ոչ թե համամասնության կամ ստվերային համաձայնության արդյունքում է հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվում, այլ օրենսդրությամբ նախատեսված իրավական կարգավորումներով»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց Գեղամ Մանուկյանին և «ողջունեց» նրա անկեղծությունը, ընդգծելով, որ, ինչպես միշտ, Գեղամ Մանուկյանն անկեղծ է։
Քննարկումից հետո ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանի թեկնածությանը։ 5-օրյա ժամկետում պետք է նոր թեկնածու առաջարկեն հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար։
Քվեարկությունից հետո Արթուր Ղազինյանը շնորհակալություն հայտնեց իշխանական պատգամավորներին՝ իր թեկնածությանը դեմ քվեարկելու համար։
«Իրականում դուք ինձ շատ մոտիվացրեցիք՝ շատ ավելի խորանալ, շատ ավելի հետևողական լինել իմ հայրենիքին ու ժողովրդին ծառայելու գործում»,- շեշտեց «Հայաստան» խմբակցության անդամը։