Բաժիններ՝

Լեհ ոստիկանները Լիտվային կօգնեն՝ պահպանել Բելառուսի հետ սահմանը

Լեհաստանը ոստիկաններ է ուղարկում Բելառուսի հետ սահմանը պահպանելու գործում Լիտվային օգնելու համար: Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին։

«Լիտվայի կառավարությունը դիմել է մեզ՝ խնդրելով աջակցել»,-ասել է Կամինսկին՝ հանդես գալով օգոստոսի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

«Դուք մեզ կօգնեք լիտվական պետության սահմանների անվտանգությունն ապահովելու գործում, որը մեր ռազմավարական գործընկերն է»,-հայտարարել է նա՝ դիմելով ոստիկաններին: Նախարարը վստահություն է հայտնել, որ անօրինական միգրանտները վստահ են, որ «Եվրամիության սահմանը բաց է»:

«Եվրամիության սահմանը բաց չէ: Լիտվայի կառավարությունը եւ Լեհաստանի կառավարությունը թույլ չեն տա զանգվածաբար խախտել սահմանը»,-ասել է նա:

Իր հերթին Լեհաստանի գլխավոր պարետ Յարոսլավ Շիմչակը հիշեցրել է, որ 2016 թվականին Լեհաստանից ոստիկանները ներգրավվել են Հունգարիայի եւ Սերբիայի սահմանների պահպանության գործում, երբ այնտեղ միգրացիոն ճգնաժամ էր առաջացել: Վերջին ժամանակներս Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը հայտարարում են Բելառուսի հետ սահմանի վրա ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր»: Բելառուսի սահմանապահները քանիցս հայտարարել են, որ Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում են սահմանակից տարածք:

Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Սիտենկովն ավելի վաղ նշել է, որ ԵՄ-ի սահմանակից երկրները խախտում են միջազգային պայմանագրերի նորմերը անօրինական միգրանտների հետ կապված իրադրության պայմաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս