«Երկիրն այս վիճակին հասցրած մարդու ասածներին լուրջ վերաբերվել չի կարելի». Արմեն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Կառավարության  օգոստոսի 27-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր տարածաշրջանային խաղաղության թեմային, հետո էլ շեշտել, որ Թուրքիայից որոշակի դրական ազդակներ կան․ «Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»։

Թուրքական «դրական» ազդակների մասին այլ մանրամասներ Փաշինյանը չէր հրապարակել։

Այս հայտարարությունից երկու օր անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը անդրադարձել էր Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին և նաև Փաշինյանի հայտարարությանը:

Էրդողանն ասել է, որ տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք։ «Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականության և սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»

168.amԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մարուքյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ դրական ազդակների մասին է խոսքը, նման ազդակներ իր համար տեսանելի՞ է։

«Իմ պատվից ու արժանապատվությունից ցածր եմ համարում նրա բարբաջանքները մեկնաբանելը։ Հիմա ինքն ինչ է ասում, կամ ինչ չի ասում, ինձ բացարձակապես չի հետաքրքրում։ Երկիրն այս վիճակին հասցրած մարդու ասածներին լուրջ վերաբերվել չի կարելի։ Իմաստ չեմ տեսնում նրա բարբաջանքները մեկնաբանել, անիմաստ բան է, քանի որ մենք լուրջ խնդիրների առջև ենք կանգնած, ու նրա հիմար դատողությունների վերաբերյալ մեկնաբանություններն անիմաստ եմ համարում»,- նշեց Արմեն Մարուքյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Թուրքիայի քաղաքականությունը և նախապայմանները չեն փոխվել։

«Թուրքիան իր քաղաքականությունը չի փոխել, ինչ ասել է նախկինում՝ ուժի մեջ է։  Եթե որևէ մեկը գնա նրա թելադրած ճանապարհով, ապա նա ազգային ու պետական դավաճան է, այսքանը»,- եզրափակեց Արմեն Մարուքյանը։

Տեսանյութեր

Լրահոս