Բաժիններ՝

ՀԱՀ-ում կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել՝ մուտացիայի բարձր աստիճանով

Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) մասնագետները երկրի տարածքում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ, որը մուտացիայի բարձր աստիճան ունի: Օգոստոսի 30-ին այդ մասին հայտնել է տեղի Eyewitness (EWN) նորությունների պորտալը։

Ըստ պորտալի՝ շտամը, որն ստացել է C.1.2 անվանումը, նույնականացվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտւտի մասնագետների կողմից: ՀԱՀ-ի առողջապահության նախարարությունն արդեն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) նախազգուշացրել է COVID-19-ի նոր տարբերակի մասին:

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ կորոնավիրուսի նոր շտամը կարող է բարձր ագրեսիվություն ունենալ՝ պատվաստանյութերի նկատմամբ միաժամանակյա ավելի մեծ կայունությամբ հանդերձ: Առաջին անգամ C.1.2-ը հայտնաբերվել է մայիսին: Այն իրենից ներկայացնում է C.1 շտամի մուտացիան, որը ՀԱՀ-ում նույնականացվել է 2021 թվականի հունվարին: Պորտալը նշում է, որ կորոնավիրուսի խումբը, որը հայտնի է որպես C.1, արագ մուտացիայի է ենթարկվում ավելի ու ավելի նոր բազմաթիվ տարբերակների հայտնվելով: Հարավաֆրիկացի մասնագետները պարզել են, որ C.1 խմբի ներսում մուտացիայի արագությունը կրկնապատիկ բարձր է, քան մյուս խմբերում:

Նորագույն հետազոտությունները ցույց են տալիս, որ C.1.2 շտամն արդեն ներթափանցել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Չինաստան, Նոր Զելանդիա, Մեծ Բրիտանիա, Պորտուգալիա, Շվեյցարիա եւ Մավրիկիոս:

Հարավաֆրիկյան Հանրապատությունն Աֆրիկայում զբաղեցնում է առաջին հորիզոնականը կորոնավիուսով ախտահարվածների թվով. 2 638 981, մահացել է 78 377 մարդ: Երկրում կատարվել է COVID-19-ի դեմ 11,9 միլիոն պատվաստում: Պատվաստման լրիվ բուժընթաց է անցել 5,6 միլիոն մարդ կամ ՀԱՀ-ի բնակչության 9,6 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս