«Գյուղապետի տեղակալը հըմընին էլ ներկայացրել է, որ գյուղի սարերը պաժառ են տալում, ժողովուրդն էլ  վախենում են»․ Կութի սարերում կրակը դեռ չի մարվել

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչներից մի քանիսը 168.am-ի հետ զրույցում ասացին, որ գյուղի վերևի սարերում երեկ կեսօրից բռնկված հրդեհը դեռ չի մարել,  այրվում են գյուղի արոտավայրերը։

«Պաժառը շարունակվում է, եթե քամին ուժեղանա, կրակը մինչև գյուղ կիջնի։ Բացի դա, ադրբեջանցիները գիշերը 2-ի մոտերը երկու հատ կրակեցին, բայց գյուղի վրեն չէ՝ օդի մեջ, ու էլ չկրակեցին։ Իրենց «տարածքն» է, երևի վախենում են, որ գան կրակն անջատեն, մեր գյուղապետի տեղակալը հըմընին էլ ներկայացրել է, որ գյուղի սարերը պաժառ են տալում, ժողովուրդն էլ  վախենում են․․․ Ասում եմ՝ Աստված ջան, ոչ մի բան չլնի, խաղաղ մեր տները նստենք, ապրենք․․․ Մենակ Աստված տա՝ ժողովրդի վրեն չկրակեն»,- պատմեցին Կութի բնակիչները։

168.am-ը փորձեց կապ հաստատել Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Պաշտպանության նախարարությունից ևս մեր զանգերին պատասխանող չեղավ։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները երեկ ժամը 11։00-12:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ հերթական սադրանքին են դիմել: Թշնամին, որ մայիսի 12-ից առաջացել և դիրքավորվել է նաև Կութ գյուղի անմիջապես վերևում, երեկ կրակ է վառել, որի հետևանքով գյուղը հայտնվել է ծխի մեջ, այրվում են գյուղի արոտավայրերն ու խոտհարքները։

Տեսանյութեր

Լրահոս