«Մի հատ ուժեղ գմփոց եկավ ու սկսվեց պաժառը. ադրբեջանցիները մեր ամբողջ խոտհարքները վառում են». Կութի բնակիչ
Ադրբեջանցիներն այսօր ժամը 12:30-ի սահմաննրում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ հերթական սադրանքին են դիմել:
Կութի բնակիչ Զմրուխտ Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ թշնամու արձակած կրակոցից հետո արդեն մի քանի ժամ է՝ ամբողջ գյուղը հայտնվել է ծխի մեջ.
«Ժամը 12:30-ի սահմաններում մի հատ ուժեղ գմփոց եկավ ու սկսվեց էս պաժառը: Քամին ուղիղ գյուղի վրա է բերում ծուխը: Կրակը վառել են Կութի ամենաբարձր դիրքում, հիմա այնտեղից խոտը կամաց-կամաց վառվելով իջնում է դեպի գյուղ: Ադրբեջանցիները մեր ամբողջ խոտհարքները վառում են, այդտեղ նաև մեր անասունների արոտավայրերն են…»:
Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դիմում է գրել և 3 օրով գյուղից բացակայում է, տեղյակ չէ, թե այս պահին ինչ իրավիճակ է Կութում, և, որ առավոտյան գյուղապետարանի աշխատակցի հետ կարող ենք կապ հաստատել, իսկ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: