Աթենքում անկարգություններ են տեղի ունեցել պարտադիր պատվաստման դեմ հանրահավաքում
Օգոստոսի 29-ի երեկոյան Աթենքում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել առանձին կատեգորիայի քաղաքացիների պարտադիր պատվաստման դեմ. հանրահավաքից հետո եղել են ոստիկանության հետ մի խումբ երիտասարդների բախումներ, ոստիկանությունը կիրառել է արտասվաբեր գազ եւ ձերբակալել 47 մարդու:
Այդ մասին ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Նրա տվյալներով՝ «Սինտագմա» հրապարակում անցկացված հանրահավաքին մասնակցել է 7,5 հազար մարդ:
«Այսօր ժամը 18:00-ին սոցիալական ցանցերում տարբեր կազմակերպությունների եւ խմբերի էջերի միջոցով հանրահավաք անցկացնելու կոչից հետո «Սինտագմա» հրապարակի շրջանում հանրահավաքի էր հավաքվել շուրջ 7,5 հազար մարդ: Մի խումբ մարդիկ ժամը 20:15-ին Անհայտ զինվորի հուշարձանի առջեւ հարձակվել են ոստիկանների վրա, նետել «Մոլոտովի կոկտեյլներ», ազդանշանային հրթիռներ, շշեր եւ այլ առարկաներ՝ փորձելով ճեղքել արգելաշղթան եւ ուղղվել խոհրդարան տանող աստիճաններով»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը գրոհները ետ մղելու համար օգտագործել է ջրանետ եւ արտասվաբեր գազ:
Հավաքվածների հիմնական մասը ցրվել է, ոչ մեծ խմբեր մնացել են «Սինտագմա» հրապարակի շրջանում ու հարակից փողոցներում եւ որոշ ժամանակ անց նույնպես հեռացել են: Ոստիկանները ձերբակալել են 47 մարդու եւ տարել Ատտիկայի անվտանգության վարչության պետական անվտանգության բաժին, որտեղ հետաքննություն է տարվում, ասվում է հաղորդագրության մեջ: Տեղի ունեցածի մասին տեղեկացվել է Աթենքի դատախազությանը:
Նման հանրահավաք է տեղի ունեցել Սալոնիկում: Դրան մասնակցել է մի քանի հարյուր մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: