«Ուզում եմ Վլադիմիր Վարդանյանին հարցնել՝ Դուք պատգամավո՞ր եք, թե՞ մարդ ծեծող խուլիգան». Արեգնազ Մանուկյան

ԱԺ-ում ընթանում է խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողների տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ քննարկում՝ ՀԿ ներկայացուցիչների և խմբագիրների մասնակցությամբ:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի խոսքով՝  քննարկման նպատակը լրագրողական հանրույթի ձայնը լսելի դարձնելու հրամայականն է, որը խախտել է ԱԺ ղեկավարությունը:

«Լրագրողների աշխատանքի հետ կապված խորհրդարանի շենքում սահմանափակումներ են տեղի ունեցել, լրագրողներից որևէ մեկը հնարավորություն չի ունեցել որևէ առաջարկ, դիտողություն անելու համար»,- նշեց Թագուհի Թովմասյանը:

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ քննարկման վերաբերյալ օրեր առաջ ծանուցել էր, բայց ԱԺ նախագահը, չգիտես ինչու, պատահաբար թե միտումնավոր, որոշում է, որ նույն հենց  օրը ու նույն ժամին պետք է իրականացնի մեկ այլ միջոցառում:

«Գերավարված ու անհետ կորած մեր հայրենակիցների ծնողներին հրավիրել է ԱԺ, որպեսզի նույն ժամին իրականացնի քննարկում՝ դռնփակ ձևաչափով: Ըստ երևույթին ամեն ինչ արվել է, որպեսզի լրագրողների ձայնը կրկին լսելի չլինի»,- շեշտեց Թագուհի Թովմասյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն էլ շեշտեց, որ քննարկմանը ներկա է՝ որպես նախկինում լրագրողական գործունեություն ծավալած անձ, որը ԱԺ-ում տեսել է տարբեր սահմանափակումներ, տեսել է, թե ինչպես են սահմանափակում օթյակներում տարբեր ակցիաներ իրականացնելու փորձերը:

«Այդուհանդերձ լրագրողները կարողանում էին իրենք ակցիաներն իրականացնել, լրագրողները կարողանում էին գազային պայմանագրի շրջանակներում ԱԺ-ում ակցիաներ անցկացնել, և հիմա այդ լրագրողներից մեկն իշխանական պատգամավոր է: Եվ հիմա այն, ինչ տեսնում եմ, որ արվում է այս իշխանությունների կողմից, պարզապես ապշում եմ: Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մամուլն ազատ է ավելին, քան երբևէ, ինքներս ենք մեր մաշկի վրա զգում, որ մամուլը երբեք այսքան անազատ չի եղել»,- ասաց պատգամավորը:

Միաժամանակ նա ընդգծեց, որ իշխանության այս գործողությունները պայմանավորված են մի քանի հանգամանքով, առաջինը՝ նրանք ունեն վախեր:

«Ինչպես ասում են՝ գող, սիրտը դող, մարդիկ հանձնել են հայրենիք, հանցագործություն են թույլ տվել, շարունակում են հանձնել: Իրենք՝ բանավոր կամ գրավոր պայմանավորվածությունների հիման վրա, թշնամին կամաց-կամաց առաջ է գալիս: Իրենց այս լկտիությունը հասել է այն աստիճանի, որ իրենց բռնապետական նկրտումները փորձում են կիրառել նաև պատգամավորների նկատմամբ: ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Վլադիրմիր Վարդանյանը հարցնում էր՝ դուք լրագրո՞ղ եք, թե՞ պատգամավոր, հիմա ես ուզում եմ Վլադիմիր Վարդանյանին հարցնել՝ Դուք պատգամավո՞ր եք, թե՞ մարդ ծեծող խուլիգան»,- հավելեց Արեգնազ Մանուկյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս