Դատախազը միջնորդեց բեկանել Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով շարունակվում է առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը:
Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը ներկայացրեց դատախազության բողոքը և Վերաքննիչ դատարանին միջնորդեց բեկանել առաջին ատյանի դատարանի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովին և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանին արդարացնելու որոշումը և քրեական գործն ուղարկել դատարան` նոր քննության:
«Սահմանադրական դատարանի որոշմամբ` քրեական հոդվածը, որով մեղսագրվում էր ամբաստանյալների արարքը, դադարեց գոյություն ունենալ, բայց չդադարեց գոյություն ունենալ այն արարքը, որը կատարվել է և որը նկարագրված է իրենց մեղադրանքներում: Այդ արարքները այդ նկարագրությամբ կարող են որակվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ- խմբ.)»,- ասաց Բաղդասարյանը: