Թալիբները հայտարարել են, որ շուտով լիովին վերահսկելու են Քաբուլի օդանավակայանը
«Թալիբան» շարժումն արդեն վերահսկում է Քաբուլի օդանավակայանի մի մասը, եւ շուտով այն լիովին կանցնի նրանց վերահսկողության ներքո: Այդ մասին NHK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը:
«Ամերիկան հեռացել է օդանավակայանի մի քանի գոտիներից, դրանք գտնվում են «Թալիբան» շարժման վերահսկողության ներքո: Մենք լավատեսությամբ սպասում ենք, թե երբ օտարերկրյա ստորաբաժանումներն ամբողջովին կհեռանան օդանավակայանից: Մոտ ժամանակներս օդանավակայանն ամբողջությամբ կանցնի թալիբների վերահսկության ներքո»,-ասել է Մուջահիդը:
Հարցազրույցը ձայնագրվել է օգոստոսի 29-ին, բայց եթեր է դուրս եկել օգոստոսի 30-ին:
Ուրբաթ օրը՝ օգոստոսի 27-ին, թալիբները հայտարարել են, որ իրենց վերահսկողության ներքո են անցել օդանավակայանի զինվորական մասի գոտիները: Ավելի ուշ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հերքել է դա, հայտարարելով, որ դեռ ամեն ինչ ԱՄՆ-ի զինվարականների վերահսկողության ներքո է:
Հաջորդ օրը Tolo News հեռուստաալիքը, վկայակոչելով շարժման ներկայացուցչին, հայտնել է, որ ԱՄՆ-ի զինվորականները թողել են Քաբուլի օդանավակայանի երեք մուտք եւ մի քանի այլ շրջաններ, թալիբներն են դրանք վերահսկում:
Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել է օգոստոսի առաջին տասնօրյակում, երբ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Նրանց կողմից չվերահսկվող միակ նահանգը մնում է Քաբուլից դեպի հյուսիս-արեւելք գտնվող Փանջշերը:
Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ հեռացել է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»:
Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամադ Նայիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս: ԱՄՆ-ի զինվորականները եւ դիվանագետները պլանավորում են մինչեւ օգոստոսի 31-ն ավարտել կազմակերպված տարհանումը եւ հեռանալ երկրից, բայց խոստանում են շարունակել աջակցությունն այն օտարերկրացիներին եւ ռիսկի խմբի տեղի բնակիչներին, որոնք կցանկանան մեկնել ավելի ուշ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: