«Դեմ եմ ցանկացած կոմպրոմիսի, պետք է անհապաղ վերացվեն բոլոր այս սահմանափակումները». Սաթիկ Սեյրանյան

ԱԺ-ում  խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողների տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ այսօրվա քննարկմանը մասնակցում էին ՀԿ ներկայացուցիչներն ու մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ:

Ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն անդրադառնալով լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակումներին, նկատեց՝ հաստատված բռնապետական կարգերին ականատես է եղել հենց ԱԺ ընդունարանում, որտեղ տեսել է, որ քննարկման մասնակիցների անունների կողքին նշված է եղել, թե ով կարող է բջջային հեռախոսով մտնել ԱԺ, ով՝ ոչ, ինչը վերաբերում էր նաև մեդիա կազմակերպություններից մեկի ղեկավարին:

«Սա ինձ համար արդեն տարօրինակ է, ի՞նչ է նշանակում՝ հեռախոսով սրան կարելի է մտնել ԱԺ, նրան՝ ոչ: Նախ զարմանում եմ, որ մենք բոլորս զարմանում ենք, իսկ ինչի վրա ենք զարմանում, այս տենդենցը նո՞ր է: Դեռևս երեք տարի առաջ լրատվամիջոցի ղեկավարներ, մեդիա կազմակերպություններ բազմիցս հայտարարություններ են արել, չէ՞, բազմիցս, բազմաթիվ առիթներով՝ սկսած նրանից, որ սոցիալական հարթակները մի օգտագործեք պաշտոնական հաղորդագրության համար: Սա հաշվի՞ է առնվել, իհարկե ոչ: Զարմանո՞ւմ եք, որ թիրախավորվում են լրատվամիջոցներն ու լրագրողներ՝ մի զարմացեք, ի սկզբանե այդպես է եղել և հիմա շարունակվում է: Ցավոք, պետք է նշեմ, որ այստեղ նստած մեր գործընկերներից որոշները դրան նաև մասնակից են եղել»,- շեշտեց Սաթիկ Սեյրանյանը:

Միաժամանակ նա ընդգծեց՝ եթե որևէ լրատվամիջոցի կամ լրագրողի նկատմամբ որևէ բան է տեղի ունենում, պետք է բոլորը միավորվեն, որովհետև այդ ուղտը բոլորի դռանն է չոքելու: Հետևաբար՝ զարմանո՞ւմ են, որ այս սահմանափակումներն են լինելու, զարմանալ պետք չէ, ավելի վատն է գալու:

«Պարզ չէ՞, որ այս իշխանությունը, մեր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկանում մեդիայի դերը: Մեկ սահմանափակում, երկու, հիմա առաջարկներ ենք ներկայացնում, ինչի՞ համար, ինչո՞վ էր վատ նախկին գործող կարգը, կամ այդ գործող կարգը փոփոխելիս հաշվի են առել… Մի զարմացեք, մեր գործընկերներից շատերն այսօր լրատվամիջոցներին հսկայական ֆինանսական կորուստների առջև են կանգնեցրել, դարձյալ գաղտնի ինչ-որ որոշումներ են կայացրել, «ֆաքթ չեքինգներ են անում»՝ ձա՞յն ենք հանում, հիմա զարմանում ենք, որ Ալեն Սիմոնյանը գաղտնի ինչ-որ բան է որոշել, բա ի՞նչ  պետք է լիներ: Ես դեմ եմ կոմպրոմիսին,  պետք է անհապաղ վերացվեն բոլոր այս սահմանափակումները: Այս սահմանափակումները և մեդիայի խնդիրները միայն մամուլի աշխատողի խնդիրը չէ, այլ թափանցիկության, ժողովրդի ընտրյալների գործունեության թափանցիկության, հաշվետվողականության, մեդիայի աշխատանքի հարցն է: Ուղղակի նվաստացուցիչ էր տեսնել, թե ինչպես են վարվում լրագրողների հետ»,- հավելեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս