Բաժիններ՝

Թուրքիայում հնագետները 3500 տարվա վառարան են հայտնաբերել

Թուրքիայում, Տեպեչիկ բլրում, որը գտնվում է Չինե քաղաքի շրջանում (Այդին նահանգի արեմուտք), հնագետները հայտնաբերել են երեք ու կես հազար տարվա վառարան: Այդ մասին հաղորդել է Daily Sabah-ը։

Այս վայրերում պեղումներն անցկացվում են 2004 թվականից՝ Հաջեթեփեի համալսարանի հնագիտության ֆակուլտետից պրոֆեսոր Սեւինչ Գյունելի ղեկավարությամբ: 17 տարվա ընթացքում գիտնականները հայտնաբերել են երեք աշտարակ, իրերով լի սենյակներ՝ նախատեսված պաշտոնական այցերի համար, եւ օբսիդիան՝ գործիքներ պատրաստելու համար: Իսկ այժմ հնագետները վառարան են գտել:

«Շրջանը, որտեղ մենք վերջերս աշխատել ենք, պահպանվել են 3500 տարվա վաղեմություն ունեցող ճարտարապետական մնացորդներ: Մենք կարծում ենք, որ սա վառարան է: Այն պատրաստվել է կերամիկական սալիկներից, իսկ հատակը՝ կավե աղյուսից»,-պատմել է Գյունելը:

Նա հավելել է, որ վառարանի շրջակայքում մասնագետները գտել են կերամիկական կճուճներ:

«Դա ապացուցում է, որ այստեղ մեծաքանակ արտադրություն է իրականացվել»,- ընդգծել է նա:

Պրոֆեսորի խոսքով՝ այդ գտածոյի մասին ավելի հստակ տեղեկատվություն կհայտնվի առաջիկայում, քանի որ հնագիտական աշխատանքները շարունակվում են:

Ավելի վաղ վառարանից 20 մետր հեռավորությամբ Գյունելը եւ նրա թիմը հայտնաբերել են պահեստ՝ մթերքներով լցված բանկաների եւ անոթների մնացորդներով:

«Բայց այն խիստ վնասված էր: Ամենայն հավանականությամբ՝ հեղեղումների պատճառով, որոնք տեղի են ունեցել այն ժամանակներում»,- ընդգծել է հնագետը:

Սեւինչ Գյունելը նաեւ պատմել է, որ այս տարածաշրջանում յոթ ու կես հազար տարի շարունակ գտնվել են մի քանի բնակավայրեր: Բլրի վրա հնագետները հայտնաբերել են բոլոր ժամանակաշրջանների կյանքի հետքեր: Պրոֆեսորի խոսքով՝ դա ապացուցում է, որ այստեղ եղել է հզոր տնտեսական կենտրոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս