Վերջին պատերազմում հակառակորդին հաջողվել է 283 կիլոմետրից միայն 20 կիլոմետրը ճեղքել, այնտեղից է մխրճումը տեղի ունեցել. Սեյրան Օհանյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 26-ին 44-օրյա  պատերազմում զոհվածների  հարազատների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր՝ եթե ​​Հայաստանը չհանձնվեր, Ադրբեջանը մեծ կորուստներ կունենար։

«Նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, և պատերազմն ավարտվեց: Մեզ համար պատերազմի ավարտը բացարձակապես ողջամիտ էր: Եթե ​​պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի և Լաչինի ազատագրման հարցում: Այս տարածաշրջանի բնական կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ մեզ համար: Նաև ձմեռ էր մոտենում»,- ասել էր Ադրբեջանի նախագահը:

168.am-ի հետ զրույցում Արցախի հերոս, Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ երկար տարիների ընթացքում հայկական կողմն իր առջև խնդիր է դրել, որ Հայաստանն Արցախի հետ ավելի կարևոր գործոն է անվտանգային, տնտեսական և բոլոր առումներով հայ ժողովրդի ու տարածաշրջանի համար։

«Դրա համար Հայաստանի անվտանգային միջավայրը ձևավորելու և ընդհանուր թատերաբեմը կահավորելու ուղղությամբ ընդհանուր պաշտպանական համակարգ էինք ձևավորել, որն անցնում էր բուն ՀՀ սահմաններից շատ ավելի հեռու՝ Արցախի առաջին գծով։ Վերջին պատերազմի ժամանակ այդ 283 կիլոմետր ընդհանուր կահավորված սահմանային ինժեներական սարքավորումներով համակարգը գոյություն ուներ և այդ համակարգում միայն մոտավորապես 20 կիլոմետրում է  հաջողվել հակառակորդին ճեղքել, այնտեղից է մխրճումը տեղի ունեցել։ Եթե ՀՀ իշխանությունները, կառավարման համակարգը ռազմական միտքը ճիշտ գծեին, կարող էին հակառակորդին այդ մխրճման գործում կանգնեցնել և չթողնել, որպեսզի հասներ Արցախի խորքը, մինչև Շուշի»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Ըստ գեներալ-գնդապետի, այս առումով նույն Քարվաճառի, Ակնայի հատվածն անառիկ է եղել, իհարկե, հակառակորդն այդ ուղղություններով  հարձակողական գործողություններ իրականացրել է, տեղ-տեղ հաջողվել է ինչ-որ դիրքեր վերցնել, սակայն հայկական ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, և վերականգնվել է այդ հատվածների առաջին գիծը։

«Ակնայի հատվածում այդ գործողություններն իրականացվել են ի հաշիվ լավ կահավորված ինժեներական կառույցների, իսկ Քարվաճառի հատվածում՝ լեռնանտառային բարձր դիրքային պայմաններում ստեղծված օջախային լավ պաշտպանության։ Իհարկե, Ալիևն իր ինքնախոստովանական խոսքում ճիշտ է ասում, որ եթե պատերազմը շարունակվեր, իր համար դժվարին պայմաններ էին ստեղծվելու։ Եթե մենք կարողանայինք աջ թևում՝ հարավ-արևելյան հատվածում հաջողություններ գրանցել, ապա նրա համար դժվար կլիներ հետագայում մարտական գործողություններում հաջողության հասնելը։

Չնայած այսօր մեր հանրության մեջ պտտվում է  այն թեզը, որ մեր դեմ կռվել է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան, վարձկանները, այդուհանդերձ մենք ի վիճակի էինք այդ ամենը կանգնեցնել, եթե մեր ժողովուրդը մոբիլիզացվեր և, ամենակարևորը, եթե խորքում բանակին աջակցություն լիներ՝ ինժեներական կառույցներ, խրամատավորում իրականացվեր։ Խորքում, այնտեղ, որտեղ ժողովուրդը գյուղատնտեսությամբ էր զբաղված, մեր իրավական նորմերով ու բոլոր օրենքներով, որոշումներով ասում էր, որ այդ վայրերում ինժեներական աշխատանքները, խրամատավորումն իրականացվում է  անմիջապես պատերազմից հետո, պատերազմի ընթացքում, հաշվի առնելով հակառակորդի առաջխաղացման հիմնական ուղղությունները»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը։

Տեսանյութեր

Լրահոս