«Թշնամին անընդհատ դիմում է սադրանքների, այս անգամ ավելի մասշտաբային բնույթ կրեց». Իրինա Յոլյանը՝ Կապան-Գորիս ճանապարհը փակելու մասին

Ադրբեջանցիները 3 օր փակ էին պահում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները: Երկար բանակցություններից հետո, երեկ ճանապարհը վերաբացվեց, երթևեկությունը՝ վերականգնվեց: Այս մասին հայտարարություն եղավ, սակայն այդպես էլ հայտնի չդարձավ, թե ի՞նչ են բանակցել և ի՞նչ համաձայնության են եկել, որ ճանապարհը բացվել է: 168.amԳորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանին հարցրեց՝ նրան հայտնի՞ է, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

«Այդ մասին որևէ տեղեկություն չունեմ, առհասարակ բանակցությունների մասին որևէ տեղեկատվության չեմ տիրապետում, թե ի՞նչ են քննարկել, կամ ինչի՞ շուրջ են եղել բանակցությունները: Գիտեմ, որ բանակցություններ տեղի են ունեցել, և դրա արդյունքում ճանապարհները բացվել են, արդեն երթևեկելի են»,- ասաց Յոլյանը:

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը չի բացառում, որ նման դեպքեր կարող են էլի կրկնվել:

«Ոչ ոք չի կարող հակառակը երաշխավորել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ մեր թշնամին անընդհատ դիմում է սադրանքների, նոր իրավիճակներ է ստեղծում, որոնց հետևանքով մեզ համար անհարմարություններ, դժվարություններ են լինում: Մինչև այս մենք միշտ խոսել ենք սադրանքների մասին՝ ժեստեր, քարերով մեքենաներին խփել և այլն, սա ուղղակի հերթական դրսևորումն էր, որը շատ ավելի մասշտաբային բնույթ կրեց»,- ասաց նա:

Ճանապարհների փակ լինելու պատճառով առաջացել էր շրջափակման մեջ հայտնված գյուղերը պարենով ապահովելու խնդիր: Իրինա Յոլյանը պնդեց, որ եթե նման դեպքեր էլի կրկնվեն, ապա պետք է լրջորեն մտածել այլընտրանքային ճանապարհների մասին:

«Եթե նմանօրինակ դեպքերը շարունակական բնույթ կրեն, դա նշանակում է, որ մենք պետք է հնարավորությունների սահմանում փորձենք մտածել սննդամթերք, պարենային ապրանքներ պահեստավորելու հետ կապված նախաձեռնությունների մասին, իսկ առհասարակ մենք կապի մեջ ենք եղել մեր վարչական ղեկավարների հետ, և որտեղ խնդիր ենք ունեցել, Գորիսի համայնքապետարանը փորձել է արագ արձագանքել: Պետք է ասեմ, որ քանի որ կարճ է տևել ճանապարհի փակ լինելը, մարդիկ որոշակի քանակ ունեցել են սննդի, բայց մտահոգված են եղել, որ եթե երկար շարունակվի, ապա ինչպե՞ս են կարողանալու կենսական նշանակության խնդիրների մասին հոգալու համար գոնե հաճախակի դուրս գալ: Այլընտրանքային ճանապարհը, որն ունի Շուռնուխը և Բարձրավանը, բավականին դժվարանցանելի է, անտառամիջյան ճանապարհներ են, և ամեն մեքենա չէ, որ կարող է անցնել: Անհնարին բան չկա, բայց բավականին դժվար է, բարդ է: Պետք է մտածել այդ ուղղությամբ, որ այլընտրանքային ճանապարհները բերվեն երթևեկելի, առավել հեշտ երթևեկելի վիճակի»,- ասաց Յոլյանը:

Տեսանյութեր

Լրահոս