Լարված իրավիճակ՝ «Ֆիզգորոդոկ»-ում. հացադուլ իրականացնողներից մեկին բերման են ենթարկել
Երևանի «Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Բնակիչներից Սեդա Գրիգորյանի փոխանցմամբ՝ քիչ առաջ հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման են ենթարկել
Ոստիկանության ներկայությամբ, բնակչի հաղորդմամբ, ապօրինաբար հեռացնում են նաև իրենց մեքենաները՝ առանց որևէ հիմքեր ներկայացնելու:
Հիշեցնենք, որ Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի բնակիչ, ինժեներ Կարեն Ամիրխանյանը օգոստոսի 27-ին անժամկետ հացադուլ է հայտարարել՝ միանալով մեկ օր առաջ հացադուլ հայտարարած բնակիչ, իրավաբան Հայկ Հարությունյանին։ Նրանց պահանջը նույնն է՝ դադարեցնել գիտավանի տարածքում 12 հարկանի բնակելի շենքի շինարարությունը:
Նրանք պնդում են՝ շինարարական աշխատանքներ են կատարում՝ ապօրինի կերպով հոսանք և ջուր օգտագործելով:
Հայկ Հարությունյանի հացադուլը կրում է նախազգուշական բնույթ. իրավաբանը պետական պատասխանատու մարմիններին տվել է 20 օր ժամանակ` թաղամասում ծավալվող ապօրինությունները կանխելու և կառուցապատման ապօրինի ծրագիրը չեղարկելու համար:
Հավելենք, որ Երևանի Ֆիզիկայի ինստիտուտին հարակից բնակելի թաղամասում, կամ, ինչպես բնակիչներն են ասում «Ֆիզգորոդոկում», ցանկանում են բարձրահարկ շենք կառուցել, սակայն թաղամասի բնակիչների մի մասը դեմ է այդ կառուցապատմանը, քանի որ ըստ նրանց՝ բարձրահարկի կառուցումը կխաթարի թաղամասում տասնյակ տարիների ընթացքում ձևավորված կենսամիջավայրը:
Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրել է, որ հողը սեփականաշնորհվել է 2004 թվականին, Երևանի քաղաքապետարանը իրավական հնարավորություն և լիազորություն չունի չեղարկելու սեփականաշնորհման որոշումը: Այդ տարածքում արդեն տրված է եղել 12-հարկանի շենքի շինթույլտվություն 2007 և 2012 թվականներին: 2019-ին քաղաքապետարանը մերժել է նախկին շինթույլտվության երկարացումը և պահանջել կառուցապատողից՝ նորից անցնել բոլոր փորձաքննությունները: ԿԳՄՍ-ն 2021-ի փետրվարին հայտնել է, որ ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը որպես նորահայտ հուշարձան, այնուհետև, 2021-ի մայիսին, հանել Ալիխանյան 6/1-ի հողակտորը այդ տարածքից: 2021-ի հուլիսին քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն: Քաղաքապետարանը պարտավոր է տալ շինթույլտվություն, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին, և տարածքն ընդգրկված չէ հուշարձանների ցանկում: Բնակիչները դիմել են դատարան՝ վիճարկելու կառուցապատումը, դատարանը վարույթ է ընդունել գործը, բայց չի կասեցրել շինարարութունը: Միակ մարմինը, որը կարող է կասեցնել շինարարությունը, դատարանն է, քաղաքապետարանը տվյալ պայմաններում այդպիսի լիազորություն չունի: