Արդեն տևական ժամանակ է` Ադրբեջանը սադրանքների է դիմում հայկական դիրքերի և ճանապարհների ուղղությամբ. «Հենակետ»
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում անվտանգության վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին.
«Հայ-ադրբեջանական սահմանների շուրջ ծավալվող զարգացումների մասին
Արդեն տևական ժամանակ է` Ադրբեջանը սադրանքների է դիմում հայկական դիրքերի և ճանապարհների ուղղությամբ։
Նախ, շաբաթվա սկզբնամասում, մասնավորապես օգոստոսի 21-ին, մեր ռազմական գերատեսչությունը տեղեկացրել էր, որ 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։
Գերատեսչությունից հավելել են, որ նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։
Ադրբեջանը չի հաստատել հայ ավագ լեյտենանտի՝ իր մոտ գտնվելը և որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ արդեն 46 օր է, չի հաջողվում նաև հայտնաբերել Սյունիքից անհետ կորած երկու զինծառայողներին։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, աշխատանքներին մասնակցում է նաև ռուսական կողմը։ Ադրբեջանական կողմից այդ առնչությամբ ևս դեռ հաստատում չկա։
Շաբաթվա ընթացքում սահմանային լարվածությունը առավել սուր բնույթ է ստացել օգոստոսի 25-ի ուշ երեկոյան։ Ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհի` Շուռնուխ տանող հատվածը: Ադրբեջանցիները որպես ճանապարհը փակելու պատճառ նշել են այն, թե իբր երկու հայ զինծառայող հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա։ Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը։
ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը, իսկ հաջորդ օրն արդեն՝ նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը։
Նշված հատվածներում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Սակայն նշենք, որ գյուղերի բնակչության համար լրջորեն սահմանափակվել էր սննդամթերքի, բժշկական ծառայությունների հասանելիությունը։ Ճանապարհը փակ է մնացել մինչև օգոստոսի 28-ի ժամը 20։00 դրություն և բանակցությունների ու պայմանավորվածությունների արդյունքում նոր բացվել է։ Երթևեկության կազմակերպման փոփոխություն չի եղել: Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրվել են բետոնե թափարգելներ՝ այդ հատվածներում երթևեկությունը դանդաղեցնելու նպատակով: Ճանապարհի այդ հատվածների հսկողությունը իրականացնելու են ռուս սահմանապահները։
Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին
Օգոստոսի 26-ի երեկոյան անհայտ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են կառավարության շենքի դիմաց։ Այդ օրը նրանք գիշերել են կառավարության դիմաց։
Այդ ընթացքում նրանցից երկու խումբ մտել է կառավարության շենք և հանդիպել է վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարազատները չեն հանդիպել։
Հաջորդ օրը, օգոստոսի 27-ին, ծնողները հանդիպում են պահանջել Փաշինյանի հետ՝ պարզելու, թե ինչ գործողություններ են իրականացվում իրենց որդիներին գտնելու ուղղությամբ, սակայն կառավարությունում ծնողներին հրաժարվել են ընդունել։
Այլ թեմաներ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել, առաջարկներ ուղարկելով ՊՆ և ԱԺ՝ 2016թ. և 2020թ. մարտական գործողությունների մասնակիցների կարգավիճակի հարցերի առնչությամբ։
Ըստ ՄԻՊ-ի՝ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու հարցում մարդիկ բախվում են խնդիրների:
Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացրել է Կառավարության հնգամյա ծրագիրը։ Անդրադարձ է կատարվել անվտանգության և Արցախի հիմնախնդրին վերաբերող դրույթներին, ինչպես նաև հայտարարվել է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։
ՊՆ անցուդարձի մասին
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ից ՊՆ նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան` մասնակցելու «Արմիյա 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողություններին: Աշխատանքային այցի ընթացքում պայմանագրեր են կնքվել ռուս գործընկերների հետ։
Հանրապետությունում օգոստոսի 25-ից մեկնարկել է եռամսյա վարժական հավաքների առաջին փուլը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ն անցկացվող հավաքին մասնակցում են պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի ներկայացուցիչներ:
Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները ներգրավվելու են նաև մարտական հերթապահության մեջ։
ՊՆ-ն եռամսյա հավաքի մասնակիցներին տեղեկացրել է նաև, որ հավաքներին ներկայանալիս պահեստազորայիններն իրենց հետ չպետք է կրեն սմարթֆոն օպերացիոն համակարգով աշխատող, նաև այլ տիպի՝ նկարահանման, տեղորոշման և համացանցին միանալու հնարավորություններ ունեցող հեռախոսներ։
Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր ստորաբաժանումներում տեղի են ունեցել մասնագիտական, մարտավարաշարային, կրակային պատրաստության պարապմունքներ և այլն»։