«Թող ներեն ինձ, բայց ձերբակալման խուցը շատ ավելի լավ է, քան թե դատական կարգադրիչների սենյակը»․ Գագիկ Ջհանգիրյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը իր մարզային շրջայցերի շրջանակներում այցելել է Վայքի, Սիսիանի, Գորիսի և Կապանի դատարաններ՝ ծանոթանալով տեղի խնդիրներին և նստավայրերի շենքային պայմաններին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Մասնավորապես, Վայքում, որտեղ ԲԴԽ որոշմամբ Սնանկության գործերով դատարանի երկու դատավորի նստաբայր էր սահմանվել, Գագիկ Ջհանգիրյանին ներկայացվել են նորանշանակ դատավորների առջև ծառացած խնդիրները, որոնք առավելապես կապված են եղել տեխնիկական և գույքային պարագաներով համալրման հետ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ իրավիճակն այլ է եղել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում, որի շենքն անմխիթար վիճակում է եղել, իսկ դատական ծառայության իրականացման համար պայմաններ բացարձակապես չեն եղել: Այդ կապակցությամբ Գագիկ Ջհանգիրյանն ընդգծել է, որ Սյունիքի մարզում ամենախայտառակ վիճակը Սիսիանի դատարանի շենքի խնդիրն է, սակայն այդ շենքի վերանորոգումն ու կահույքը փոխելը իմաստ չունի, քանի որ դրա շենքային պայմանները շատ սուղ են:

«Թող ներեն ինձ, բայց ձերբակալման խուցը շատ ավելի լավ է, քան թե դատական կարգադրիչների սենյակը: Մեր հույսը ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող դիմացի շենքն է, որտեղից, եթե մենք 500 մետր վերցնենք, վերանորոգենք, ինձ թվում է Սիսիանի շենքի համար բավական է», – ասել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը:

Պատկերը այլ է եղել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, որի շենքային պայմանները բարվոք են, սակայն աշխատակիցներն ունեն որոշ տեխնիկական և գույքային պարագաների համալրման անհրաժեշտություն:

Գագիկ Ջհանգիրյանի մարզային հանդիպումն ամփոփվել է Սյունիքի մարզկենտրենում՝ Կապան քաղաքի դատարանում, որի աշխատակազմի ներկայացուցիչները ԲԴԽ նախագահի պաշտոնակլատարին հայտնել են, որ ունեն շենքի տանիքի վերանորոգման և աշխատակիցների հաստիքների ավելացման խնդիր:

Գագիկ Ջհանգիրյանն էլ Կապանի դատարանի աշխատակազմին տեղեկացրել է դատական համակարգում սպասվող բարեփոխումների և ձեռնարկվող միջոցառումների մասին: Խորհրդի նախագահը, կարևորելով Սյունիքի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար, խոստացել է, որ Սյունիքի մարզի դատարանի խնդիրները կլուծվեն ամենասեղմ ժամկետներում:

«Խոստանում եմ ձեզ, որ ԲԴԽ-ն Սյունիքի Առաջին ատյանի դատարանի նկատմամբ կցուցաբերի գերուշադրություն՝ ձեր բոլոր խնդիրների լուծման առումով», – հայտարարել է Գագիկ Ջհանգիրյանը:

Տեսանյութեր

Լրահոս