Բաժիններ՝

ԵՄ–ն և ԱՀԿ-ն պատաստանյութերի պահպանման համար նախատեսված բժշկական սառնարաններ են նվիրաբերել Հայաստանին

Եվրոպական միությունը (ԵՄ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այսօր՝ օգոստոսի 28-ին, 30 բժշկական սառնարան են հանձնել ՀՀ Առողջապահության նախարարությանը՝ համոզված լինելու համար, որ COVID-19 համավարակի դեմ պատվաստանյութերը պատշաճ կերպով են պահպանվում ամբողջ երկրում: Այս մասին հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության գրասենյակը՝ շեշտելով, որ Եվրամիությունը և ԱՀԿ-ն Հայաստանի կողքին են և աջակցում են ՀՀ կառավարությանը քաղաքացիներին բավարար քանակով պատվաստանյութեր մատակարարելու և համավարակը հնարավորինս արագ հաղթահարելու հարցում:

«Եվրամիությունը պատիվ ունի ԱՀԿ-ի հետ համատեղ աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ երկրի առողջապահության համակարգի հնարավորություններն ամրապնդելու և COVID-19-ի համավարակը հաղթահարմանն աջակցելու նպատակով: Սառնարանները կծառայեն պատվաստանյութերը և բժշկական այլ արտադրանքը կայուն ջերմաստիճանում պահպանելուն՝ այդպիսով առաջարկելով ավելի ապահով հարմարություններ և հետևաբար օգուտ տալով Հայաստանի քաղաքացիներին: Մենք պետք է համբերատար շարունակենք պայքարն այս համավարակի դեմ միասնական ջանքերով»,- ասել է ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ժան Պլեսինգերը:

Իսկ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը իր հերթի նշել է, որ անցած տարիների ընթացքում Հայաստանի առողջապահության առաջնային պահպանման հաստատությունները վերազինվել են տարբեր կազմակերպությունների աջակցությամբ, սակայն նվիրաբերված սառնարանները հնարավորություն կտան ավելի արդյունավետ կազմակերպել ներկայումս գերծանրաբեռնված պատվաստումների գործընթացը:

Սարքավորումների հանձնման արարողությանը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ժան Պլեսինգերը, ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն և ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Ելենա Միլոշևիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս