Թուրքիայի վերջին 6 նախագահներից ամենաշատը Էրդողանն է դատական հայց ներկայացրել քաղաքացիների դեմ
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» կողմից կազմվել և հրապարակվել է զեկույց այն մասին, թե Թուրքայի վերջին 6 նախագահների պաշտոնավարման օրոք որքան դատական հայցեր են եղել նախագահին վիրավորելու հոդվածի հատկանիշներով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Տվյալների ամփոփումից պարզ է դարձել, որ նախորդ 5 նախագահների օրոք (Քենան Էվրենից մինչև Աբդուլլահ Գյուլը ներառյալ) վերոհիշյալ հոդվածով հարուցված քրեական գործերի ընդհանուր թիվը 1816 է, իսկ միայն Էրդողանի նախագահության շրջանում այդ թիվը արդեն հասել է 38.581-ի։
Զեկույցը հեղինակած CHP-ի փոխնախագահ Գյուլիզար Քարաջան ներկայացրել է 6 նախագահների կառավարման ժամանակաշրջանում արձնագրված ցուցանիշների համեմատական սանդղակները՝ ըստ աճման կարգի, որտեղ Էրդողանը գերազանցում է բոլորին՝ քաղաքացիների դեմ բացած դատական հայցերի թվով։
Սուլեյման Դեմիրել – 158 դատական հայց
Ահմեթ Նեջդեթ Սեզեր – 163 դատական հայց
Թուրգութ Օզալ – 202 դատական հայց
Քենան Էվրեն – 340 դատական հայց
Աբդուլլահ Գյուլ – 848 դատական հայց
Ռեջեփ Թայիփ Էրդողան – 38.581 դատական հայց