Արարատ Միրզոյանն ու Ժոնաթան Լաքոթը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ:
Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին:
Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններն ու ամենաբարձր մակարդակում առկա սերտ երկխոսությունը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխգործակցությանը երկկողմ և բազմակողմ հարթակներում, ինչպես նաև դրա ամրապնդման և ընդլայնման հեռանկարներին: Այս համատեքստում կարևորվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Արարատ Միրզոյանն ու Ժոնաթան Լաքոթը մանրամասն քննարկել են Արցախում տիրող իրավիճակը՝ ընդգծելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո:
Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել է նաև 2021թ. մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրադրությունը։
Արարատ Միրզոյանը ներդրած ջանքերի և իրականացրած գործունեության համար իր անկեղծ գնահատանքն է արտահայտել Հայաստանում առաքելությունն ավարտող Ժոնաթան Լաքոթին:
Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար նախարար Միրզոյանը դեսպան Լաքոթին պարգևատրել է ԱԳՆ առաջին աստիճանի Պատվո մեդալով: