Բաժիններ՝

ԿԳՄՍՆ-ն՝ Օպերային թատրոնի նոր տնօրենի պաշտոնակատարի նշանակման մասին

Օգոստոսի 3-ին լրացավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի պաշտոնավարման ժամկետը:

Սակայն մոտ մեկ ամիս է, ինչ  ժամանակավոր պաշտոնակատար նշանակված չէ, այնինչ, նախքան մրցույթի արդյունքով նոր նշանակումը, պետք է արդեն հայտնի լիներ ժամանակավոր պաշտոնակատարի անունը:

Հարցի հետ կապված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը  հայտնեց, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատարի նշանակման մասին կտեղեկացնեն առաջիկա օրերին:

Հիշեցնենք, որ տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնների համար արդեն իսկ տարբեր անուններ են շրջանառվում մամուլում. Էդուարդ Թոփչյան, Կարեն Դուրգարյան, Հասմիկ Պապյան, թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյան, Բարսեղ Թումանյան, Արա Խզմալյան:

Ավելի վաղ կապ էինք հաստատել նաև թեկնածուներից մի քանիսի հետ:

Կարեն Դուրգարյանն ասել էր, որ այս պահին Հայաստանում չէ: Հարցին՝ եթե ամեն դեպքում առաջարկ լինի՝ կհամաձայնի՞, պատասխանել էր. «Բարդ հարց է»:

Հասմիկ Պապյանն էլ անդրադառնալով հարցին՝ իրեն առաջարկ արվե՞լ է, թե՞ ոչ, նշել էր. «Չէ, ես քաղաքում չեմ հիմա, ճիշտն ասած՝ լուր չունեմ»:

Բարսեղ Թումանյանն էլ կարևորել էր Օպերային թատրոնի ապագայի մասին մտածելը, և հարցին՝ եթե առաջարկ լինի, կհամաձայնի՞, պատասխանել էր.

«Պետք է նստենք, մտածենք. միայն համաձայնելով չէ: Դա լուրջ քննարկման հարց է: Եթե առաջարկ լինի՝ պետք է քննարկել, տեսնել»:

Հավելենք, որ Կոնստանտին Օրբելյանը ստանձնել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրենի և գլխավոր դիրիժորի պաշտոնը:

Մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին, թե՝ ո՞ւմ եք տեսնում՝ որպես Ձեզ փոխարինող, եթե հեռանաք, Կոնստանտին Օրբելյանն ասել էր.

«Անհրաժեշտության դեպքում արժանավոր թեկնածուներ կլինեն։ Մի բան հստակ է՝ պետք է շատ աշխատենք, ես ասել եմ և վստահորեն այսօր էլ կրկնում եմ՝ մենք կարող ենք և պարտավոր ենք Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնը դարձնել աշխարհի լավագույն թատրոններից մեկը: Պարզապես չպետք է արհեստական խոչընդոտներ ստեղծվեն այն պահին, երբ ջանք ու եռանդ չես խնայում ապահովելու թռիչքն այնպիսի մեծ մշակութային կառույցի, ինչպիսին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս