Բաժիններ՝

ԱՄՆ-ը դաշնակիցների հետ օգոստոսի 14-ից 105.000 մարդ է տարհանել Քաբուլից

ԱՄՆ-ը գործընկերների հետ կարողացել է Քաբուլի օդանավակայանից ինքնաթիռներով գրեթե 105.000 մարդ դուրս տանել օգոստոսի 14-ից ի վեր: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը:

«Քաբուլից մոտավորապես 12․500 մարդ է տարհանվել ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով օգոստսի 26-ի ժամը 03:00-ից մինչեւ օգոստոսի 27-ի ժամը 03:00-ը (Երեւանի ժամանակով օգոստոսի 26-ի ժամը 11:00-ից մինչեւ օգոստոսի 27-ի 11:00-ն) ընկած ժամանակամիջոցում: Գրեթե 105.000 մարդ է դուրս բերվել օգոստոսի 14-ից ի վեր: Հուլիսի վերջից՝ մոտավորապես 110․600»,- նշել է նա Twitter-ի իր Էջում:

Ապրիլին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերումն սկսելու մասին հայտարարությունից հետո «Թալիբան» շարժումը հարձակում Է ծավալել կառավարական ուժերի վրա եւ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին, վայր դնելով լիազորությունները, լքել է երկիրը: Շատ պետություններ այժմ Աֆղանստանից տարհանում են իրենց քաղաքացիներին, այդ թվում դիվանագետներին, ինչպես նաեւ երկրից հեռանալ ձգտող աֆղաններին: Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի է ունեցել երկու պայթյուն, որոնք կազմակերպել են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները:

Զոհվել է առնվազն 103 մարդ, այդ թվում 13 ամերիկացի զինծառայողներ:

Ինչպես ընդգծել է Բայդենը, ԱՄՆ-ը, չնայած այդ ահաբեկչական գործողություններին եւ նոր ահաբեկչությունների սպառնալիքին, նախկինի պես մտադիր է Աֆղանստանից տարհանման գործողությունն ավարտել օգոստոսի 31-ին, ինչպես եւ պլանավորվել է:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին օգոստոսի 26-ին կայացած ճեպազրույցում ճշտել է, որ Վաշինգտոնը կշարունակի թալիբների հետ համակարգումն Աֆղանստանից մարդկանց դուրս բերելու հնարավորության ապահովման համար նաեւ օգոստսի 31-ից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս