Բայդենը հրաման է տվել Քաբուլի պայթյուններից հետո հարվածներ պատրաստել ԻՊ-ին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հրաման է տվել հարվածներ պատրաստել «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորման պարագլուխներին եւ օբյեկտներին, որը «Իսլամական պետության» բջիջն է եւ մեղադրվում Է Քաբուլի օդանավակայանի մերձակայքում պայթյուններ կազմակերպելու մեջ:
«Մենք հրաման ենք տվել մեր հրամանատարությանը՝ հարվածների օպերատիվ պլաններ մշակել, որոնք կհասցվեն ԻՊ-Խ-ի ակտիվներին, ղեկավարությանն ու օբյեկտներին: Մենք ուժեղ եւ ճիշտ կպատասխանենք այն ժամանակ եւ այն վայրում, որոնք ինքներս կընտրենք»,- ասել է Բայդենը:
Նա ընդգծել է, որ գրոհի համար պատասխանատուները կգտնվեն եւ կպատժվեն:
Բայդենը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը կգտնի նրանց հասնելու միջոցները: Դրա հետ մեկտեղ պետության ղեկավարը հայտարարել է, որ «հիմնավորապես» ընդունում է իր պատասխանատվությունն այն ամեն համար, ինչը տեղի է ունենում Աֆղանստանում:
Օգոստոսի 26-ին երկու պայթյուն է որոտացել Քաբուլի օդանավակայանի մերձակայքում, դրանցից մեկը՝ «Բերոն» հյուրանոցից ոչ հեռու, որտեղ, ըստ ԶԼՄ-ների տվյալների, հավաքվել էին օտարերկրացիներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի քաղաքացիներ:
Առաջին պայթյունը կազմակերպել էր մահապարտ ահաբեկիչը, այնուհետեւ պայթել է ականապատված ավտոմեքենան: Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 103 մարդ, այդ թվում 13 ամերիկացի զինծառայող:
Վերքեր է ստացել ավելի քան 150 մարդ, այդ թվում՝ ԱՄՆ-ի 18 զինվորական: ԶԼՄ-ները, վկայակոչելով ԻՊ-ի հայտարարությունը, հաղորդել են, որ հարձակման համար պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: ԱՄՆ-ը կարծում է, որ գրոհներին մասնակցել է «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորումը, որը, գործում է Աֆղանստանի եւ Պակիստանի տարածքներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: