Բաբկեն Թունյանն ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն օգոստոսի 27-ի նիստի օրակարգում երկու հարց է եղել՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության եւ հանձնաժողովի աշխատակարգի հաստատման:
Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրում է Բաբկեն Թունյանի թեկնածությունը: Պատգամավորը ներկայացրել է թեկնածուի կենսագրական եւ մասնագիտական տվյալները, աշխատանքային գործունեությունը:
Շնորհակալություն հայտնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար՝ Բաբկեն Թունյանը հույս է հայտնել, որ լինելով ԱԺ-ի ծանրաբեռնված հանձնաժողովներից մեկը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից այս հանձնաժողովը կլինի մասնագիտական բարձրության վրա, հարցերը կքննարկվեն բազմակողմանի եւ բոլորի համար կապահովի հավասար ձայնի իրավունք ու ներկայացուցչություն: Համագործակցության պատրաստակամություն հայտնելով՝ թեկնածուն նշել է, որ իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի ավելի լավ երկիր ու տնտեսություն ունենալու համար:
Քվեարկության արդյունքում Բաբկեն Թունյանն ընտրվել էհանձնաժողովի նախագահի տեղակալ:
Հանձնաժողովը հաստատել է նաեւ գործունեության աշխատակարգը: